«Մի քանի օր առաջ մարզերից մեկում էի: Շրջում էի և փորձում հասկանալ, թե ինչպես է ապրում մեր ժողովուրդը, ինչ է մտածում իր երկրի ու նրա ապագայի, մասնավորապես առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Համատարած չքավորության, գործազրկության ու անհուսության այդ միջավայրը միայն տխուր մտքերի տեղիք էր տալիս: Ասացին, որ մարզկենտրոնից ամեն երեկո մեկական ավտոբուս ու երթուղային է ուղևորվում Ռուսաստան: Մարդիկ ոչ միայն աշխատանք չունեն, այլև հույս էլ չունեն, որ երբևէ կունենան: Գործազուրկ են 50-ից բարձր բոլորը, 30-ից բարձր` մեծ մասը: Չաշխատող, ոչինչ չստեղծող հասարակություն: Բայց որքան մեծ էր զարմանքս, երբ պարզեցի, որ այս չքավորության ու անհուսության պայմաններում անգամ ասում էին, որ ընտրելու են Սերժ Սարգսյանին և մայիսի 6-ին ընտրել են Հանրապետականին»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.
«Ինչո՞ւ, ինչի՞ց դրդված` փորձում էի հասկանալ ես: «Մենք կայունություն ենք սիրում»,- այս անհեթեթ ու հեռուստացույցից լսած ֆրազն էին կրկնում ոմանք: «Բա ուրիշ ո՞ւմ»` կռապաշտ ու չմահավան հայի դիրքորոշումն էին շարադրում մյուսները: «Մեր քաղաքապետը, գյուղապետն է խնդրել»,- արդարանում էին մյուսները:
Իսկ մենք ասում ենք` ընտրությունները կեղծում են: Եկել-հասել ենք մի կետի, որտեղ կեղծելու կարիք այլևս չկա: Այնպես են ամայացրել երկիրը, այնպես են ժողովրդի ողնուղեղի մեջ պատվաստել անհուսությունը, այնքան են քարոզել, որ պայքարն անիմաստ է` մարդիկ հաշտվել են իրենց չքավորության, իրենց խեղճության, անկարողության, չապրելու հետ: Եվ դատապարտվածի կարգավիճակով գոյություն են քարշ տալիս` կարծես միայն մահվան սպասելով: Պատմության դատաստանի առջև այս իշխանություններին դատելու են ազգն ամլացնելու, նրան անհուսության ու դանդաղ մահվան դատապարտելու համար»:










































