«Սյունիքի դեպքերով ձերբակալվածներ չկան: Ես չեմ ուզում կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներով ներկայացվող վարկածները՝ առևանգում, ծեծ, այս ամենը, զեկուցում եմ ձեզ, չի համապատասխանում ճշմարտությանը: Սյունիքի դեպքերում քրեական հանցակազմ պարունակող երևույթ չկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ գործով քննություն է ընթանում, և կպարզվի կատարվածը: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ իրենք ակտիվացրել են իրենց գործունեությունը կրիմինալի դեմ պայքարում: «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպիսի պայքար է՝ վտարո՞ւմ են քրեական հեղինակություններին երկրից, ինչպես նախկինում, թե՞ ձերբակալելու են, ոստիկանապետը պատասխանեց. «Շաաաատ վատ բաներ ենք անում: Հիմա մենք պայքարում ենք թաղային հեղինակությունների, գողերի դեմ: Այս ուղղությամբ աշխատանքը ակտիվացրել ենք, և օրինական, օպերատիվ ճանապարհներով աշխատանքներ են տարվում: Ոստիկանությունը բավականին ուժ և միջոցներ ունի թակարդներ դնելու համար»:
«Առաջին լրատվական»-ի խնդրանքով ոստիկանապետը անդրադարձավ նաև Կոտայքի մարզում Գագիկ Ծառուկյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ այս դեպքով քրեական գործ է հարուցվել, բայց ինչպես Վերնիսաժի դեպքում, հնչած կրակոցները եղել են գազային ատրճանակից:
Ոստիկանապետը անդրադարձավ նաև Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե ինքն էլ լիներ Յուվեցի Կարոյի փեսայի փոխարեն, ինքը նույնպես կկրակեր: Այդ դեպքում ինչպե՞ս կվարվեր՝ ինքը ոստիկանապետը: «Դուք պատկերացնո՞ւմ ենք ինձ նման իրավիճակում»,- եղավ պատասխանը:
Ոստիկանապետը անդրադարձավ նաև վերջերս տեղի ունեցած Վերնիսաժի կրակոցներին. «Դրա հետ կապված՝ մենք ձեզ իրազեկում ենք: Քննություն է գնում, և բոլոր այն անձինք, ովքեր այդ միջադեպի մեջ ներգրավված են եղել, մեզ հայտնի են, քննություն է գնում, պարբերաբար իրազեկում ենք»:











































