Ամերիկյան Դեթրոյթ քաղաքում, որը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր սնանկացած քաղաքը, անհրաժեշտ է անհապաղ քանդել մոտավորապես 80 հազար լքված և վթարային վիճակում գտնվող շինություն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դրա համար քաղաքին անհրաժեշտ է գտնել 850 մլն դոլար: Նման թվեր է հնչեցրել հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է անցյալ տարի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ, գնահատելու ԱՄՆ ավտոմոբիլային մայրաքաղաքի յուրաքանչյուր շինություն:
Փորձագետների խոսքով՝ 236 հազար շինությունների մեկ քառորդի վիճակը, որը գտնվում է մասնավոր տնօրինության տակ, այնքան վատ է, որ դրանք անհրաժեշտ է անհապաղ քանդել: Պետության տրամադրության տակ գտնվող 26 հազար շինություններից հարկավոր է հողին հավասարեցնել 93%-ը:
Բոլոր լքված շինությունների քանդման համար հարկավոր է 2 մլրդ դոլար: Ներկայում, սակայն, անհնար է նման գումարներ հավաքել:
330 էջանոց զեկույցում չկան խորհրդատվություններ, թե վթարային շենքերի քանդումից հետո ինչ պետք է արվի ազատված տարածքների հետ:









































