«Որ ընտրությունները կեղծվում են, դա միայն ես չեմ ասում. անգամ իշխանության գործիչներն են խոստովանում, որ 96-ին պետք է լիներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, բայց չուզեցին լիներ»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման եթերում ասել է լրագրող Աննա Իսրայելյանը՝ հավելելով, որ 2008-ի նախագահական ընտրությունների առիթով ևս իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ արդար չէր: «Լոմի դեմ խաղ չկա, եթե չկա մեկ այլ լոմ»,- ասել է Աննա Իսրայելյանը: Ընդդիմությունը, ըստ նրա, չունի այդ լոմը: Իշխանական պայմանավորվածություններն առավել առաջնային են, քան ընտրողի քվեն:
Աննա Իսրայելյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև մենթալիտետի առումով չկա խորքային տարբերություն, և դա է պատճառը, որ եթե տեղերը փոխվում են, մեծ բան չի փոխվում: Այնուհանդերձ նա ավելացրել է. «Ես միշտ քվես տալիս եմ ընդդիմությանը»: Ընդդիմությունը, ըստ նրա, պետք է չլինի ծայրահեղական, պատեհապաշտ, լավ գործերը չվատաբանի, եթե անգամ դա է պահանջում քաղաքական շահը: Ընդդիմությունը պետք է լինի սկզբունքային:
«Ես տպավորություն ունեմ, որ մեր ԱԱԾ-ում կան կմպրոմատներ ընդդիմադիր դաշտի գործիչների վերաբերյալ, և բացվում են շատ նպատակային: Եվ դու պետք է աշխատես, որ այն բարակ լինի»,- ասել է լրագրողը:
Լրագրող Գոհար Վեզիրյանը ևս միշտ ձայնը տվել է ընդդիմությանը և նշում է, որ նրանք, ովքեր ասում են, թե իշխանությունը միշտ կեղծում է ընտրությունը, և դրա համար չի հաղթում ընդիմությունը, սա խաղի կանոնների ընդունում է: «Հասարակությունը հանդուրժում է իշխանության խաղի կանոնը, չի ուզում տեր կանգնել իր քվեին: Ի վերջո, իշխանությանն էլ, ընդդդիմությանն էլ պարտադրել իր կանոնը»,- ասել է Գ. Վեզիրյանը: Ա. Իսրայելյանն էլ հակադարձել է, որ եթե հանրությունը տեր չկանգներ իր քվեին, այդ դեպքում չէր լինի արտակարգ դրություն: Մենք չենք ունեցել իշխանություն, որը պատրաստ լինի գնալ իշխանությունից ընտրությունների ճանապարհով, ամեն ինչ անում են վերարտադրվելու համար: Սա միանշանակ ընդունել են լրագրողները:
Հեռուստալրագրող Արմեն Դուլյանն էլ կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը շատ է հաղթել. «96-ին ընդդիմությունը հաղթել է, Կարեն Դեմիրճյանը գոնե մեկ անգամ հաղթել է: Եթե քո դեմ գալիս են և գլխիդ խփում են, շատ դժվար է մի բան անել, բայց դա չի նշանակում, որ չեմ հաղթել: Հաղթել եմ և չեն գրանցել»:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ հայտարարել է, որ ընդդիմությունը երբեք ստրատեգիայի առումով ճկունություն չի ցուցաբերել: «Չի կարելի մտնել մի դաշտ, երբ իշխանության ներկայացուցիչը խաղի կանոններն է թելադրում, և դու կանխավ արդեն պարտվել ես: Խաղի կանոնն առաջադրում է իշխանությունը՝ մեզ մոտ այդպես է, և դու պետք է որոշես, թե որ կանոնով ես խաղալու»,– ասել է Ստյոպա Սաֆարյանն ու հավելել, որ ընդդիմությունն իր հաղթնակն ամրագրելու հնրավորություն չունի. «Բանակի դեմ չես կարող բանակ ունենալ, ոստիկանության դեմ՝ սեփական ոստիկան, և չես կարող իրենց սարսափեցնել»։









































