«Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով այսօր ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի, 2001թ. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանության ու դրանից հետո այլ աղմկոտ հանցագործություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագծի վիժեցմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. ««Վահե Ավետյան» նախաձեռնող խումբը որևէ հույս չէր կապում ԱԺ-ի հետ»:
Նա նշեց, որ հետևելով մամուլում տեղ գտած հայտարարություններին, որոնք հնչեցվել էին ՀՀԿ-ական պատգամավորների կողմից «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածի վերաբերյալ, ենթադրելի էր, թե ինչ գնահատականներ կտրվեն նրանց կողմից:
«Ես կարծում եմ, որ այստեղ կա հակադրություն գործող նախագահի դիրքորոշման հետ`թեկուզ ոչ ուղղակի:Զարմանալի է, որ Հանրապետական խմբակցության անդամները իրենց ելույթներում կարծես թե հակադրվում են գործող նախագահին: ԱԺ-ն ավելի քան պարզ էր արտահայտվել` հօգուտ իրենց ընկերական ամենաթողության մթնոլորտի: Դա բավականին պարզ էր»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցել քվեարկությանը, ում մասնակցության և կողմ քվեարկության դեպքում միգուցե նախագիծը դրական եզրակացություն ստանար, Լ. Ալավերդյանն ասաց, որ ինքը առաջիններից է ասել, որ ԲՀԿ-ին անվանել և համարել ընդդիմություն`կոռեկտ չէ, որովհետև այդ քաղաքական ուժն իրեն չի անվանում ընդդիմություն, այլ համարում է այլընտրանքային իշխանություն:
«Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ իշխանությունը այն տեսքով, այն բնութագրով, որը ծանոթ է մեր հասարակությանը,հանձին ԲՀԿ-ի` ունի մեկ այլ ներկայացուցիչ, որն ուզում էդառնալ իշխող կուսակցություն:Խոսքը երբևիցե այն մասին չի եղել, որ այդ ուժը հանդես է գալու որպես այս իշխանության ընդդիմադիր»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում չմասնակցեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի, 2001թ. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանության ու դրանից հետո այլ աղմկոտ հանցագործություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկմանն ու քվեարկությանը: Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը քվեարկության արդյունքում ունեցավ 4 կողմ և 4 դեմ ձայներ:
ԲՀԿ-ն այսօր չմասնակցեց նաև «Ժառանգության» ներկայացրած մեկ այլ՝ «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քվեարկությանը: Այս նախագիծն էլ դրական եզրակացություն չստացավ:










































