Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ում համար ժամանակին Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո հրաժեշտ տվեց նախարարի պաշտոնին և նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական: Ընդ որում՝ Հովիկ Աբրահամյանը երկու գլխավոր խորհրդական ունի: Ներկայացնում ենք Վաչե Գաբրիելյանի հետ մեր զրույցը:
– Պարոն Գաբրիելյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում վարչապետի երկրորդ գլխավոր խորհրդականի դերում:
– Հոյակապ:
– Իսկ կարողանո՞ւմ եք նույն եռանդով աշխատել Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես Տիգրան Սարգսյանի հետ էիք աշխատում, քանի որ Դուք Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ եք համարվում:
– Ես կարողանում եմ նույն եռանդով աշխատել, դուք կասկածո՞ւմ եք:
– Հովիկ Աբրահամյանի հետ հե՞շտ է աշխատելը Ձեզ համար:
– Շատ:
– Փաստորեն, Դուք պաշտոնի փոփոխություն ունեցաք, իջեցում եղավ: Ձեզ համար դժվար չէ՞ համակերպվել նոր իրավիճակի հետ:
– Գիտեք ինչ, պաշտոններն անցողիկ են, այսօր կան, վաղը չեն լինի: Այսօր չկան, վաղը կլինեն: Պաշտոններին ուշադրություն մի դարձրեք, կյանքի իմաստը դրա մեջ չէ:
– Որպես նախկին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, կուզենայի գնահատեիք կառավարության ներկա ծրագիրը: Ձեր կարծիքով` էական փոփոխություններ կա՞ն այս ծրագրում:
– Իմ կարծիքով՝ այս ծրագիրը լավ ծրագիր է, այն ներառում է շատ լավ դրույթներ նախորդից և ավելացնում է իր դրույթները: Կարծում եմ՝ հիմնական շեշտը դրված է վարչապետի ելույթում:
– Ձեր կառավարության ծրագրից ինչո՞վ է տարբերվում, ինչո՞վ է լավը այս ծրագիրը ձեր ծրագրից:
– Քանի որ ես այս ծրագրին ևս մասնակցություն եմ ունեցել, ես իմ ծրագրի կամ ոչ իմ ծրագրի տարբերություն չեմ դնում: Ես կարծում եմ, որ երկուսն էլ լավ ծրագրեր են, և երկուսն էլ միտված են Հայաստանի բարօրությանը:
– Այդ դեպքում ինչո՞ւ ձեր ծրագիրը տապալվեց` Ձեր կարծիքով:
– Չտապալվեց, իմ կարծիքով, դուք նենգափոխում եք այդ հարցը:









































