Անդրադառնալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելուն՝ ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը նշեց, որ պաշտոնյային, որին ազատում են պաշտոնից, ընդ որում՝ երբ պաշտոնից հեռացնում են ձախողումների համար, ամբողջովին թալանի ենթարկելու համար, մեկ այլ գործ չպետք է վստահել, այդպիսի պաշտոնյանին քրեական պատասխանատվություն է հասնում:
«Կարծում եմ՝ այդպիսի պաշտոնյանին այսօր պետք է ենթարկել քրեական պատասխանատվության, այլապես այսօր ինչպե՞ս Նարեկ Սարգսյանը, Երվանդ Զախարյանը, չվերադառնան և հայտնվեն այլ պաշտոններում: Անպատժելիությունը ծնում է անպատժելիության արարքներ ծնելու այլ հիմքեր»,- ասաց Զոյա Թադևոսյանը:
Զոյա Թադևոսյանի խոսքով՝ կառավարության նոր ծրագրում առաջնահերթորեն կարևորվում են հայ մարդու դերակատարությունը, ազատությունները, բայց մեկ մարդով չէ, միայն Հովիկ Աբրահամյանով չէ, որ ծրագիրը իրականացվում է, մարդիկ կան այդ կառավարությունում, ովքեր բացի թալանից, հափշտակումից՝ ոչինչ չեն արել:
«Նրանց հետ ճանապարհ գնալը ճիշտ չեմ համարում: Ծրագիր գրելը դժվար չէ, իրականացնելն է դժվար: Մենք պետք է իմանայինք, թե այդ ծրագրի իրագործման ինչպիսի ընթացակարգ է մշակվել, ինչ կոնկերտ քայլեր են մշակվել, ինչպես բարելավել ներդրումային ոլորտը, ինչպես բարելավել գյուղացու վիճակը: Այսպիսի կառավարությունը չեմ հավատում, որ հրաշքներ գործի»,- հավելեց Զոյա Թադևոսյանը:
Անդրադառնալով ՀՀԿ 15-րդ համագումարին Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքին, թե ՀՀԿ-ի նկատմամբ վստահությունն էլ ավելի է մեծացել, Զոյա Թադևոսյանը խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին. «Խորհուրդ կտայի Սերժ Սարգսյանին՝ ֆեյք էջով մտնել ֆեյսբուք և տեսնել, թե ինչ են մտածում իր և իր կուսակցության մասին: Նա չգիտի, կարծես միշտ սավառնում է երկնքում հրեշտակի թևերով»:
Նրա խոսքով՝ նրանց ելույթները լսելիս թվում է՝ Սինգապուրում ենք ապրում, մինչդեռ ամենահրեշտակային երազներում մենք Սինգապուր չենք ունենա գոնե 20 տարիների ընթացքում:










































