Ազգային ժողովում 2013-ի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները շարունակվում են: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանին դիմելով՝ նրան խնդրեց բացատրել՝ ինչ պատճառով են պատգամավորների մի շարք գործուղումներ չեղյալ հայտարարվում, ինչպես նաև՝ ինչու՞ է գործուղման մեկնած պատգամավորների օրապահիկը շատ քիչ: Ուրիխանյանը նշեց, որ եղել են անգամ դեպքեր, երբ Ազգային ժողովը լրջագույն դիվանագիտական միջոցառումներին ներկայացուցիչ չի ունեցել:
Մինասյանը տեղեկացրեց, որ պատգամավորների գործուղումների համար բյուջեով հատկացվել է 350 միլիոն դրամ, որն ամբողջությամբ բավարարում է գործուղման մեկնած պատգամավորների ծախսերը հոգալու համար: Նա նշեց, որ երբ բյուջե են գրում, հաշվի են առնում գործուղումների ամսաթիվը, այդուհանդերձ, լինում են դեպքեր, երբ պատգամավորը խնդրում է, որ նախատեսված թռիչքից երկու օր շուտ մեկնի: «Այդ օրերի համար մենք գումար չենք տրամադրում: ԱԺ-ն պատգամավորների օրապահիկը տրամադրում է միայն գործուղումների օրերի համար»,- ասաց նա:
Ուրիխանյանն արձագանքեց, թե եղել են դեպքեր, երբ շատ կարևոր գործուղումներ հետաձգվել են, ապա խնդրեց ներկայացնել, թե ուր են գնացել չեղյալ հայտարարված գործուղումների համար նախատեսված գումարները:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանեց, որ ներկա պահին չգիտի՝ կոնկրետ ի՞նչ գործուղումներ են չեղյալ հայտարարվել, սակայն խոստացավ ճշտելուն պես պատգամավորին ներկայացնել գումարների բաշխումը:










































