Նոյեմբերի 8-ին Մոսկվայի «Grande Palace» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Մարաթոն 2012»-ի շրջանակներում անցկացվող ամենամյա բարեգործական ճաշկերույթը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի, «Ռուսաստանում հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի և ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բարեգործական ճաշկերույթին բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով ընդգծեց բարեգործության և միասնության խորհրդի նշանակությունը հայ ժողովրդի պատմական անցյալում՝ նշելով մեր օրերում հասարակության բոլոր շրջանակների միահամուռ և հայանպաստ գործունեության կարևորությունը համահայկական ծրագրերի իրականացման հարցում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկաներին ուղղված խոսքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանն ուղղված յուրաքանչյուր նվիրաբերում ծառայում է իր նպատակին և ուղղված է Արցախի ժողովրդի բարեկեցությանը: Բակո Սահակյանն ընդգծեց նաև, որ այս տարի հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական ճաշկերույթները և «Մարաթոն 2012»-ն անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայ գործարարներին ուղղված խոսքում ընդգծել է Սփյուռքի, Մայր Հայաստանի և Արցախի միասնության առաջնահերթությունը` որպես հայոց պետականության զարգացման հիմնարար պայման:
Ելույթներով հանդես են եկել նաև Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը, «Ռուսաստանում հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը և այլոք:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է վերջին տարում հիմնադրամին նվիրաբերված միջոցներով իրականացված աշխատանքներն Արցախի տարբեր շրջաններում: Ճաշկերույթի ընթացքում ցուցադրվեց նաև հիմնադրամի կողմից պատրաստված տեսաֆիլմը 2011թ.-ին իրականացված աշխատանքների մասին:







































