«Կ. Դեմիրճյանի անվան մարգահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Վերահաստատում ենք մեր հաղորդումները Մարզահամերգային համալիրի հայտարարված անօրինական էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ, որտեղ որպես պատմամշակութային հուշարձանի, պահպանման տարրական պայմաններն անգամ ամրագրված չեն։
Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» և «վարչատարածքային բաժանման մասին» օրենքների, ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական, տարածքային (մարզային) բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ։ Քանի որ Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, հետեւաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երևան քաղաքի բաժին եւ համապատասխանաբար վեց վարչական շրջանի բաժանմունք, օրինակ ինչպես ԴԱՀԿ-ի Արարատի մարզային բաժին և Մասիսի տարածաշրջանի բաժանմունք։ ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին, հետևաբար նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումը առ ոչինչ է՝ կայացման պահից։ Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է։
Վերոհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ։ Մարզահամերգային համալիրի երբևիցե վաճառքը բացառապես կլինի սեփականատիրոջ ցանկությամբ և պայմաններով, և այն հատուկ պայմաններով, որոնք ամրագրված են որպես հուշարձան պահպանելու ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։








































