«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասյան խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Թբիլիսի) տնօրեն, վրաստանցի վերլուծաբան Գիա Նոդիան:
-Պարոն Նոդիա, հայտնի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական ուղիները բաժանվել են՝ Հայաստանը եվրասիական, իսկ Վրաստանը՝ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին են: Ինչպես պետք է կողմերը այս հանգամանքին թույլ չտան խոչընդոտել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ավելին՝ աջակցեն այդ գործընթացին:
-Վրաստանն ու Հայաստանն արդեն վաղուց այնպես են զարգացնում իրենց հարաբերությունները, որ այդ տարբեր վեկտորները ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում, Հայաստանի հրաժարումը Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և որոշումը՝ միանալ Եվրասիական ինտեգրացիոն պրոյկետներին կարևոր քայլ է, կարևոր որոշում է, բայց դա չի փոխում երկկողմ հարաբերությունների մակարդակը, քանի որ մենք կարող ենք ունենալ տարբեր առաջնահերթություններ, բայց դա մինչ այսօր չի խոչընդոտել, ի դեպ՝ 20 տարի, պահպանել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի հետ:
Ես կարծում եմ, որ և´ հայկական, և´ վրացական իշխանությունները, տարբեր առաջնորդներ դրան պրագմատիկ մոտեցում են ունեցել՝ կա միջազգային մեծ քաղաքականություն, բայց կան նաև հայ-վրացական հարաբերություններ, որոնք երկու երկրների համար էլ անհրաժեշտ են, և պետք է այդ հարաբերությունները զարգացնել: Ուստի ես չեմ տեսնում այստեղ վտանգներ, բայց եթե մենք մեր ինտեգրացիոն ուղիների բերմամբ ավելի հեռանանք, հնարավոր է՝ որոշակի փուլում առաջանան տեխնիկական բարդություններ արտահանման և ներկրման ոլորտում: Դրանք տեխնիկական հարցեր են, լավ կլիներ, որ չառաջանային, բայց եթե մենք տարբեր տնտեսական տարածքներ ենք վերցնում մեր ինտեգրացիայի համար, ապա սա անխուսափելի է:
-Սեպտեմբերի 3-ից հետո շատ հայաստանյան փորձագետներ կարծիքներ են հայտնում այն մասին, որ Հայաստանն ինչ-որ փուլում ՆԱՏՕ-Վրաստան մերձեցման ճանապարհին կարող է օգտագործվել Վրաստանի դեմ: Դուք ունե՞ք նման մտավախություններ:
-Այս խնդիրը դիտարկվում է Վրաստանում: Փորձագետներն իսկապես շատ են խոսում այդ մասին: Ինձ թվում է, որ Ռուսաստանի համար բարդ է լինելու նման բան անելը, չնայած Ռուսաստանն ունի որոշակի ազդեցության լծակներ Հայաստանի նկատմամբ։ Բայց, ամեն դեպքում, Վրաստանի հետ կոնֆլիկտի գնալը Հայաստանի համար ձեռնտու չէ, և ինձ թվում է, որ եթե նույնիսկ լինի որոշակի ճնշում, Հայաստանը կկարողանա այդ ճնշմանը հակազդել:
-Պարոն Նոդիա, մի քանի ամիս առաջ Կոնստանտին Գամսախուրդիան վերաթարմացրեց Ջավախքի հայության ռուսամետ լինելու փաստը՝ շրջանառության մեջ դնելով տեղեկություն, թե հայերը Ջավախքում սկսել են ակտիվորեն ռուսական անձնագրեր ստանալ: Հնարավո՞ր է՝ Ջավախքի հայությունն օգտագործվի Ռուսաստանի կողմից՝ որպես լծակ Վրաստանի դեմ, թեև նման փորձերը մշտապես անհաջողությամբ են ավարտվել:
-Բնականաբար, Կոնստանտին Գամսախուրդիան ազդեցիկ ֆիգուր չէ Վրաստանում, բայց խոսակցություններ այդ մասին իսկապես կան, որ մասսայականորեն անձնագրեր են բաժանվում։ Սակայն իմ տեղեկություններով, դա այդպես չէ: Սամցխե-Ջավախքում ավելի վաղ ևս մարդիկ ռուսական անձնագրեր ունեին, քանի որ նրանք հաճախ էին մեկնում Ռուսաստան, և դա հին խնդիր է: Բայց ես այդ գործընթացում դինամիկ ակտիվություն չեմ նկատում:
Ինչ վերաբերում է այն բանին, որ Ռուսաստանը կարող է օգտագործել Ջավախքը Վրաստանի դեմ, այդ մասին խոսվել է բավական հաճախ, և ռուսաստանցի փորձագետներն են հաճախ այդ մասին ակնարկներ անում, բայց ես կարծում եմ, որ հիմա նման զարգացման համար հիմքեր չկան: Ռուսական ռազմաբազան հեռացավ այդ շրջանից, և հիմա Ռուսաստանն ազդեցության ուղիղ լծակներ չունի Ջավախքի նկատմամբ, բայց այդ ազդեցությունը կարող է լինել Հայաստանի միջոցով։ Սակայն այստեղ էլի այդ հարցն է՝ ՀՀ ղեկավարությունն ուզո՞ւմ է արդյոք Վրաստանի հետ կոնֆլիկտի գնալ: Իմ պատկերացումն այն է, որ և´ Վրաստանի, և´ Հայաստանի ղեկավարությունները հասկանում են, որ երկու երկրների համար շատ կարևոր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները, և նրանք չեն գնա քայլերի, որոնք կբերեն հարաբերությունների վատթարացմանը:
-Իրանը Հայաստանին առաջարկում է իրանական գազի առաքում Եվրոպա Հայաստանի և Վրաստանի միջոցով: Սա Վրաստանում դիտարկվո՞ւմ է, որպես շահավետ, զարգացման բեկումնային տարբերակ և´ Հայաստանի, և´ Վրաստանի համար:
-Վրաստանի հարաբերություններն Իրանի հետ վերջին շրջանում թուլացել են, քանի որ մեզ մոտ Սաակաշվիլիի օրոք ազատ վիզային ռեժիմ էր գործում Իրանի հետ, սակայն նոր իշխանությունները դադարեցրին այդ ռեժիմը: Դա Իրանից ներդրումների պակասի հանգեցրեց, որը բավական բացասական հանգամանք է, բայց գուցե դա չի նշանակում, որ ինչ-ինչ որոշումներ միանշանակ կարող են լինել: Սկզբունքորեն, երևի թե այդ տարբերակը հնարավոր է, բայց այս դեպքում դա մի հարց է, որը միայն Վրաստանից չի կախված, Հայաստանից չի կախված, այլ Եվրոպայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումից։ Եթե դա իսկապես տեղի ունենա, ապա կլինի շատ կարևոր և դրական փոփոխություն տարածաշրջանի կարգավիճակի համար։ Որոշակի միտումներ դրա ուղղությամբ կան, բայց դեռ շատ հարցեր էլ կան չլուծված Իրանի և Եվրոպայի միջև։









































