Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 26-ին Ազգային ժողովում ներկայացրեց ԿԲ եզրակացությունը՝ բյուջեի կատարողականի վերաբերյալ: Նրա խոսքով՝ 2012-ին սկսված տնտեսական աճի բարձր տեմպերը 2013-ի առաջին եռամսյակում շարունակվեցին, իսկ երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվությունն էապես դանդաղեց՝ պայմանավորված արտաքին և ներքին մակրոմիջավայրում դրսևորված ռիսկերի ազդեցությամբ:
«ՀՀ մակրոմիջավայրի հիմնական զարգացումներն ընդհանուր առմամբ պայմանավորված են համաշխարհային տնտեսության՝ սպասվածից ավելի դանդաղ աճով, Հայաստանում համախառն ներդրումների նվազմամբ, հարկաբյուջետային քաղաքականությամբ, էներգակիրների սակագների աճի բացասական հետևանքով: Գազի և էներգիայի աճը հանգեցրեց մի կողմից՝ տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների ծախսերի աճին՝ կրճատելով ներդրումների համար նախատեսված միջոցները, մյուս կողմից՝ գների ընդհանուր մակարդակի աճի միջոցով նվազել են իրական սպառման ծավալները՝ անդրադառնալով տնտեսական ակտիվության դանդաղման վրա»,- ասաց նա:
Ջավադյանի խոսքով՝ 2013-ին տնտեսական աճը կազմել է 3.5 տոկոս: Դրան հիմնականում նպաստել են ծառայությունների, գյուղատնտեսության, արդյունաբերության ճյուղերում արձանագրված իրական աճերը: Անկում է արձանագրվել շինարարության ոլոտում: Հարկաբյուջետային քաղաքականությունը, ուղեկցվելով պակասուրդի շարունակական կրճատման և պարտքի կայունացման ապահովման սկզբունքներով, համախառն պահանջարկի վրա ընդհանուր առմամբ ունեցել է զսպող ազդեցություն, ընդ որում՝ եկամուտների վրա ձևավորվել է զսպող ազդակ, իսկ ծախսերի գծով՝ ընդլայնում:
Ջավադյանը նշեց, որ գնաճային միջավայրը բնութագրվում էր տարեսկզբին՝ ցածր և կայուն գնաճային միջավայրով, տնտեսական բարձր ակտիվությամբ, որի պարագայում նաև ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն էներգակիրների գների բարձրացումն էապես փոխեց մակրոտնտեսական քաղաքականության միջավայրը: Գնահատելով գների կայունության վրա այդ շոկի ազդեցությունը՝ ԿԲ-ն ճկուն արձագանքեց՝ սկզբում տոկոսադրույքի բարձրացման միջոցով երկրորդային ազդեցությունները հնարավորինս մեղմելու և սպասումները չեզոքացնելու ուղղությամբ, հետագայում, երբ արդեն արձանագրվեց գնաճային միջավայրի մեղմացում, տնտեսական ակտիվությսան մեղմացում, տոկոսադրույքի շարունակական իջեցման միջոցով:
«Կուզեի փաստել, որ 2014 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում մենք երկու անգամ անդրադարձել ենք պայմանների մեղմմանը և երկու անգամ տոկոսադրույքին՝ մեղմելու ուղղությամբ: Պետբյուջեի եկամուտների ոլորտում քաղաքականությունը նշանավորվել է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարձր մակարդակի ապահովմամբ: Տարվա արդյունքներով պետբյուջեի ընդհանուր եկամուտները ՀՆԱ-ի 25.1 տոկոսն են կազմել, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Նույն պատկերը հարկային եկամուտների մասով է. վերջինս կազմել է 23.5 տոկոսը՝ նախորդ տարվա 22 տոկոսի դիմաց»,- ասաց նա:
Ջավադյանը նշեց, որ անվանական եկամուտների աճը նույնպես բարձր է եղել նախորդ տարվա համեմատ: Պետբյուջեի ծախսերն ավելացել են 13.6 տոկոսով, որ արձանագրվել է ընթացիկ ծախսերի աճի հաշվին:
Լուսանկարը՝ Photolure-ի




































