ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համար կգտնվի ուղի՝ հայտնում է Trend-ը:
«Խաղաղ գործընթացի հաջողությունը կամ անհաջողությունը կախված է կողմերի քաղաքական կամքից: Բանակցային սեղանի շուրջ նոր գաղափարներ բերելու և բանակցությունների իրական ճանապարհ գտնելու հարցում կողմերին օգնելու համար ինձ անհրաժեշտ է համագործակցել ռուս և ֆրանսիացի գործընկերներիս հետ»,- Trend-ին ասել է Ուորլիքը՝ մեկնաբանելով համանախագահների հերթական այցը տարածաշրջան:
Նա նաև նշել է, որ բանակցությունների բովանդակության վրա հնարավորինս արագ աշխատանք սկսելու համար ինքն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպմանը՝ կամ տարածաշրջանում, կամ այլ վայրում:
Ուորլիքի խոսքով՝ տարածաշրջան համանախագահների վերջին այցի հիմնական նպատակը Քելբաջար, Լաչին, Լեռնային Ղարաբաղ այցելությունն էր:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պյեր Էնդրյուն մայիսի 16-19-ին այցով եղել են տարածաշրջանում: Այցի ժամանակ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:








































