«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. «Չգիտեմ` աշխարհի որևէ երկրում քաղաքական կուսակցություններն այսքան շատ հայտարարություններ անում են, թե ոչ, բայց այնպիսի տպավորություն է, որ մեր կուսակցությունները քաղաքական գործունեությունը պատկերացնում են խելոք-խելոք տեքստեր հրապարակելու տեսքով: Երեկ միանգամից 2 քաղաքական ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը հանդես եկան հայտարարություններով: Երկուսն էլ շեշտեցին ընտրական համակարգի ու ընտրական իրավունքի խնդիրը: Ինչպես նաև բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու, մենաշնորհները վերացնելու անհրաժեշտությունը: Մյուս հարցերում երկու ուժերի մոտեցումները տարբերվում են. ՀՅԴ-ն կարևորում է երկրում կառավարման համակարգի փոփոխությունը, վերահսկող մարմիններում ընդդիմության ներկայությունը, Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինքի ձևավորումը: Իսկ ՀԱԿ-ն առաջարկում է ժողովրդին փողոց հանել և իշխանությանն անվստահություն հայտնելու ուղղությամբ խորհրդարանում քայլեր ձեռնարկել:
Թե այս առաջարկություններն ինչ կապ ունեն փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ, պարզ չէ: Ավելի շուտ պարզ է մի բան, որ մեր քաղաքական ուժերը դեռ չեն կողմնորոշվել իրենց անելիքի մեջ և այս հայտարարություններով փորձում են կոծկել այդ չկողմնորոշվածությունը: Փաստ է, որ ընտրություններից 3 ամիս առաջ նրանցից ոչ մեկը ա/ չունի սեփական թեկնածու, բ/ վախենում է հայտարարել որևէ մեկին սատարելու մասին, գ/ խուսափում է որևէ քաղաքական ալյանս ձևավորելուց և դ/ հասկանում է, որ լռության պաուզան չի կարող այլևս երկարաձգել: Ո՞րն է լինելու քաղաքական ուժերի հաջորդ քայլը: Թերևս կրկին նախընտրական շտաբ ձևավորելն ու «քաղաքական կոնսուլտացիաներ» կոչվող դատարկաբանությամբ զբաղվելը: Մինչև տեսնեն ինչ կլինի»:










































