«Պարի Սեն-Ժերմեն»-ի պաշտոնական կայքը հայտարարել է, որ համաձայնության է հասել «Չելսի»-ի հետ` Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսի տեղափոխության հարցում: Փարիզյան ակումբը նաև համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ` նրա անձնական պայմանագրի շուրջ: Պաշտոնապես Լուիսի տեղափոխությունը կձևակերպվի հունիսի 10-ին տրանսֆերային պատուհանի բացումից հետո:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` տրանսֆերային գործարքի արժեքը 40-50 մլն ֆունտ է կազմել, ինչը 27-ամյա Դավիդ Լուիսին աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանն է դարձնում:
Հետաքրքիր է, որ մինչ այժմ այդ ռեկորդը նույնպես ՊՍԺ-ին էր պատկանում` 2012 թվականին Տիագո Սիլվան «Միլան»-ից փարիզյան ակումբ տեղափոխվեց 36 մլն ֆունտի դիմաց:
Լուիսը «Չելսի» է տեղափոխվել «Բենֆիկա»-ից` 2011 թվականին: «Արիստոկրատներ»-ի կազմում նա 143 հանդիպում է անցկացրել, 12 գոլ խփել, Չեմպիոնների Լիգայի ու Եվրոպայի Լիգայի գավաթակիր դարձել, նվաճել Անգլիայի գավաթը:









































