Հայաստանում Ամերիկյան համալսարանի Ալեքս և Մարի Մանուկյանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Ֆինանսական ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը. Հայաստանն այսօր և վաղը» խորագրով հայեցակարգային քննարկումը: Այն նվիրված էր Հայաստանի տնտեսության հեռանկարների վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը, ներառյալ` այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են գյուղատնտեսության զարգացումը, արտաքին պարտքը, հարկաբյուջետային քաղաքականությունը, ներգաղթը և աղքատության մակարդակի աճը: Քննարկումը վարեց լրատվամիջոցների փորձագետ, ԱՄՆ դեսպանատան կողմից շնորհվող «Խիզախ կին» մրցանակի 2012 թ. դափնեկիր Ծովինար Նազարյանը:
Հանդիպման մասնակիցներից հետազոտող Վիլեն Խաչատրյանը ներկայացրեց ֆինանսական ճգնաժամի կարճաժամկետ սոցիալական ազդեցության գնահատականը Հայաստանում և տնտեսական քաղաքականությանն ուղղված առաջարկները: Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել ոչ միայն պետության ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու ռազմավարություններ, այլ նաև շեշտը դնել ՓՄՁ-ների կողմից ճգնաժամներին պատրաստ լինելու և դրանց հաղթահարման համար համապատասխան գործիքներին տիրապետելու հմտությունների զարգացման վրա: Ինչ վերաբերում է մարզերին, ապա, ըստ Վ. Խաչատրյանի, անհրաժեշտ է հատկապես քաղաքային բնակավայրերում աշխատատեղերի ստեղծման նախաձեռնություններ իրագործել և գործատուներին արտոնություններ տրամադրել աշխատատեղերի ստեղծման պարագայում։ Ինչպես նաև մարզերի ստեղծման դիվերսիֆիկացիոն քաղաքականություն իրագործել:
Ըստ հետազոտող Աննա Մակարյանի՝ ճգնաժամի տարում արտահանման բոլոր 4 հիմնական խմբերը անկում գրանցելուց հետո 2010-2011 թթ. աճ արձանագրեցին, սակայն այս ապրանքների ծավալներից աճեց նաև տնտեսության որոշ ոլորտների խոցելիության աստիճանը: 2011 թ.ՀՀ ապրանքների արտահանման մեջ 7 ապրանքների բաժին էր ընկնում արտահանման 68.6 տոկոսը: Հիմնական ապրանքատեսակին՝ պղնձի հանքաքարի խտանյութին բաժին էր ընկնում 19.5 տոկոսը, իսկ 4 ապրանքատեսակներին միասին, որոնք ներկայացնում են հանքագործական և մետաղագործական արտադրությունները, 43.7 տոկոսը: Եվ այս երկու արդյունաբերությունների արտահանումը Հայաստանին բավականին խոցելի է դարձնում Համաշխարհային զարգացումների նկատմամբ՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության տատանումներով:
Հետազոտող Նարեկ Վարդանյանը ներկայացրեց իրավական մի շարք բարեփոխումների անհրաժեշտության ծրագիր, որոնք կբերեն ՀՀ-ում կոպերատիվների կայուն զարգացմանը: Վարդանյանն առաջարկում է հանել իրավաբանական անձանց անդամության հնարավորությունը, անդամների նվազագույն թիվը դարձնել 5-ը, ինչն էլ անհրաժեշտ կառավարական մարմիններ ձևավորելու հնարավորություն կտա: Այն դեպքում, եթե անդամը չի օգտագործում կոոպերատիվը մեկ տարի ժամկետով, նա կարող է հեռացվել այնտեղից: Ամենամյա աուդիտը, ըստ Ն. Վարդանյանի, պետք է լինի պարտադիր՝ համոզվելու համար, որ կոոպերատիվները պահպանում են ընդունված սկզբունքները և գործում են թափանցիկ:
Մխիթար Գաբրիելյանն էլ իր հետազոտությունների արդյունքում եզրակացրել է, որ ՀՀ գյուղատնտեսությունը, չնայած իրականացված տարբեր միջոցառումներին, աջակցության տեղական և միջազգային ծրագրերին, դեռևս շարունակում է մնալ խորքային, ըստ որոշ գնահատականների՝ նաև ճգնաժամային փուլում:
Ըստ Գաբրիելյանի՝ վիճակն առավել սուր է սահմանամերձ, լեռնային ու հեռավոր գյուղերում, որտեղ կրճատվել է բնակչության հիմնական թիվը, վտանգվել են ժողովրդագրական հիմնական ցուցանիշները: Եվ այդ իրավիճակի վրա էական ազդեցություն է ունեցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:









































