ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սուլեյմանիայում հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետն Իրաքի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:
Ջալալ Թալաբանին ընդգծել է, որ Իրաքը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և ակտիվացմամբ: Նա ողջունեց կողմերի ջանքերը` միջկառավարական հանձնաժողովը կարճ ժամկետներում ձևավորելու և առաջին նիստը գումարելու ուղղությամբ:
Փոխվարչապետը ներկայացրել է հանձնաժողովի նիստի արդյունքները: Անդրադարձ եղավ երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման անհրաժեշտությանը: Ա. Գևորգյանը տեղեկություններ հաղորդեց մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես խոսվեց տրանսպորտային, նավթագազային, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում գործակցության հեռանկարների մասին:
Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, արձանագրվեց, որ ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում իրականում գոյություն ունեցող ներուժին, և նոր ձևավորված միջկառավարական հանձնաժողովի առաջնահերթ խնդիրը պետք է լինի այդ ներուժի բացահայտումն ու իրացումը:
Իրաքի նախագահը կարևորել է համատեղ ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա նաև իր բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի նախագահին:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Նա ողջունեց Իրաքի իշխանությունների` երկրի կայունացմանն ուղղված ջանքերը և խաղաղություն մաղթեց Իրաքի բարեկամ ժողովրդին:
Իրաքի նախագահն առանձնահատուկ ջերմությամբ խոսեց հայ համայնքի մասին` ընդգծելով նրա դերը Իրաքի զարգացման գործում:










































