Սիրիայում կընթանա հյուծիչ պատերազմ, քանի որ կողմերից ոչ մեկը մտադիր չէ հրաժարվել պայքարից,- հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը՝ վկայակոչելով արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չի հեռանում, նա ոչ մի տեղ չի գնա՝ ով էլ որ ասի: Նրան չեն կարող համոզել անել դա: Նա լսում է, թե ինչպես են բնութագրում իրեն արևմտյան առաջնորդները, Սիրիայի հարևան որոշ արաբական երկրներ, որոնք սպառնում են նրան այն ամենով, ինչով կարելի է: Այժմ նա ընդդիմության նման ցանկանում է մարտնչել մինչև հաղթական ավարտ»,-հայտարարել է Լավրովը:
Նախարարի խոսքերով՝ Արևմուտքը դրդում է ընդդիմությանը շարունակել պայքարը։ Ալ-Ասադն այս իրավիճակում մտադիր է գնալ մինչև հաղթական ավարտ, սակայն այդտեղ հաղթանակ լինել չի կարող:
«Ընթանալու է հյուծիչ պատերազմ, որը կխլի մարդկանց կյանքեր, մշակութային արժեքներ և ճարտարապետական հնագույն հուշարձաններ, ինչպիսին, օրինակ, Հալեպն է, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո»,-ընդգծել է նախարարը: