Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ողջունում է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) բաժնեմասի բաժանումը BP, Statoil և Total ընկերությունների միջև: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Վերջինիս խոսքերով՝ TANAP նախագծի իրագործմանը օտար ընկերությունների մասնակցությունը նպաստում է օտար հավելյալ ներդրումների ներգրավմանը:
Հիշեցնենք, որ TANAP նախագծում թուրքական բաժնեմասը կազմում է 20 տոկոս, իսկ ադրբեջանական բաժնեմասը՝ 80 տոկոս: Եվ հիմա SOCAR-ը մտադիր է իր 80 տոկոսանոց բաժնեմասից վաճառել 29 տոկոսը, որից 12-ական տոկոս՝ Statoil-ին ու BP-ին, իսկ 5 տոկոսը՝ Total-ին: Դրանով իսկ SOCAR-ն իր ձեռքում կպահի նախագծի բաժնետոմսերի 51 տոկոսը:








































