«Հարավային հոսքի» ծովային հատվածի ֆինանսավորման հարցերը պետք է լուծվեն մինչ 2014 թվականի ավարտը: Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է South Stream Transport B.V.-ի (խողովակաշարի ծովային հատվածի օպերատոր) ղեկավար Օլեգ Ակսյուտինը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ այժմ անցկացվում են բանակցություններ ապահովագրական վարկային գործակալությունների հետ: Մասնակիցների կազմը պետք է որոշվի մինչ տարեվերջ:
Վարկային ռեսուրսների մասնաբաժինը, որն ընկերությունը մտադիր է ներգրավել, կազմում է ֆինանսավորման ընդհանուր անհրաժեշտ ծավալի 70 տոկոսը՝ նշել է Ակսյուտինը: Նա հավելել է, որ ֆինանսավորման սխեման նման կլինի «Երկնագույն հոսք» նախագծի վարկային ռեսուրսների ներգրավման սխեմա, սակայն շուկայի նոր միտումների հաշվառմամբ:
«Գազպրոմն» իրականացնում է «Հարավային հոսք» նախագիծը՝ դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման և տարանցիկ երկրներից կախվածության նվազեցման համար:









































