«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Իրաքում եզդիների հանդեպ շարունակվում է անմարդկային վերաբերմունքը: Ինչպես տեղեկացնում են այնտեղ բնակվող եզդիները, նոյեմբերի 7-ին քրդական զորքերի կողմից սպանվել են 10, վիրավորվել՝ 100 եզդիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Վիրավորական է քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն այս շարունակական հալածանքների հանդեպ:
Քրդերի նպատակն է նման վայրագությունների միջոցով դատարկել եզդիաբնակ շրջանները: Նրանց այդ ծրագիրը իրականացնելու համար ներկայումս խոչընդոտներ չկան: Այն, որ ԱՄՆ-ն Իրաքում կարևորում է իր քաղաքական և տնտեսական շահը, աներկբա է և փաստորեն չարժի հուսալ, որ նրանց կողմից Իրաքում բնակվող եզդիների իրավունքները կպաշտպանվեն:
Այս ամենը հաշվի առնելով՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը խնդրանքով դիմում է բոլոր այն երկրներին, որոնց ժողովուրդները նույնպես ենթարկվել են ցեղասպանությունների, անտարբեր չլինել Իրաքում բնակվող եզդիների ճակատագրին:
Այսօր եզդիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ: Ի վերջո, մենք համոզված ենք, որ կատարվող անիրավության հանդեպ անտարբերությունը նույնչափ հանցավոր երեւույթ է, որքան որ նոր մի ցեղասպանութուն կատարելը»: