Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով նոյեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Քանաքեռի 6-րդ փողոցից ոստիկանության բաժին բերման են ենթարկել Էլմիրա և Գայանե Սարգսյաններին:
Նրանք խոստովանել են, որ հագուստ վաճառելու պատրվակով պարբերաբար մտել են Երևան քաղաքի և մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել է տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը, հիմնականում գումար: Երբեմն նրանց է միացել նաև Էլմիրա Սարգսյանի քույրը` 1972թ. ծնված Ալվարդ Սարգսյանը:
Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ տուժածները կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին: