Եգիպտոսի կառավարությունը հինգշաբթի օրը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել երկրում «Մուսուլման եղբայրների» կառավարման շրջանում նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի հայտարարած համաներումը՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Երկար քննարկումից հետո հաստատված որոշումը չեղյալ է համարում մի շարք որոշումներ, որոնք ընդունվել են 2012-ի հունիսից 2013-ի հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, երբ բանակը Մուրսիին հեռացրեց իշխանությունից և տապալեց իսլամիստներին:
Իրենց կառավարման ժամանակ իսլամիստներն ազատ են արձակել տասնյակ ծայրահեղականների, որոնցից շատերին Հոսնի Մուբարաքի կառավարման ժամանակ տրիբունալները դատապարտել էին երկարատև ազատազրկման կամ մահապատժի: Նրանց մի մասը գնացել է երկրից և ապրում է այլ երկրներում, այդ թվում՝ հարևան Լիբիայում և Քաթարում, մյուսները, տեղի ուժայինների տվյալներով, հաստատվել են Սինայի հյուսիսում և ակտիվորեն մասնակցում են ժամանակավոր կառավարության և բանակի զինված հակամարտությանը:
Մայիսի կեսին Եգիպտոսի գլխավոր դատախազությունը դիմել էր Ինտերպոլին՝ ահաբեկչական տարբեր մարմինների և կազմակերպությունների մոտ 200 ակտիվիստների ձերբակալման և արտահանձնման պաշտոնական հայտով:
Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Մուրսիի ազատ արձակած բոլոր ահաբեկիչները կվերադարձվեն բանտ և կկրեն իրենց հասանելիք պատիժը:









































