Աթենքում այսօր գործադուլ են հայտարարել մետրոյի, տրամվայների աշխատակիցներն ու տաքսու վարորդները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Վաղ առավոտից խցանումներ են առաջացել քաղաքի կենտրոնում՝ մարդիկ աշխատանքի են դուրս եկել սեփական ավտոմեքենաներով, իսկ հասարակական տրանսպորտից աշխատում են միայն ավտոբսուներն ու տրոլեյբուսները:
Գործադուլավորներն առաջ են քաշում տնտեսական պահանջներ, մասնավորապես, տաքսու վարորդներին չեն բավարարում իրենց գործունեությանն առնչվող մի շարք դրույթներ տնտեսական միջոցառումների մասին նոր օրինագծում:
Հունաստանի խորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ քվեարկել է 13.5 մլրդ եվրոյով խնայողության միջոցառումների փաթեթի ու աշխատանքային հարաբերությունների ճշգրտման օգտին:
Դրա դիմաց Հունաստանը հույս ունի ԵՄ-ից ու ԱՄՀ-ից ստանալ հերթական՝ 31.5 միլիարդանոց տրանշը:
Կոշտ միջոցառումների փաթեթի ընդունումից հետո երեկ Աթենքում՝ խորհրդարանի դիմաց, բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով շշեր ու քարեր: Ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:








































