Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Ինդոնեզիայի Բալի կղզում կազմակերպված Ժողովրդավարական ֆորումում, որում հերթական անգամ քննադատել է ՄԱԿ ԱԽ-ին.
«Աշխարհի ճակատագիրը չպետք է թողնել ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներին: Նրանք չեն կարողանում ապահովել խաղաղություն, և ամեն օր մարդկային արյուն է հոսում: Մերօրյա բազմաթիվ հարցերում գոյություն չունի արդարություն, ինչը գլխավորապես վերաբերում է քաղաքական ու տնտեսական հարցերին: Հենց այդ պատճառով էլ վերջին տարիներին աշխարհում ավելացել են հակամարտությունները:
Սոմալիի, Մյանմարի ու Սիրիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ՄԱԿ ԱԽ-ն ի վիճակի չէ լուծել այդօրինակ հարցեր: Սիրիայում զոհված մարդկանց թիվը անցել է 50,000-ից: Միայն իմ երկրում վրանային ու տնակային ճամբարներում ապաստան են գտել 110,000 սիրիացի փախստականներ, 60,000-ն էլ կամավոր վերադարձել են հայրենիք:
Սիրիայում 2.5 միլիոն մարդ հրաժեշտ է տվել իր տներին, ինքնաթիռների ռմբակոծությունից մարդիկ են զոհվում: Իսկ որտե՞ղ է ՄԱԿ-ը: Անհրաժեշտ է, որ ՄԱԿ ԱԽ-ում ընդգրկված լինեն ողջ մարդկության, բոլոր մայրցամաքների, բոլոր կրոնական խմբերի ներկայացուցիչները»:










































