«Ստացվում է, որ ստեղծված իրավիճակի համար ԲՀԿ-ն մեղավոր չէ, մեղավորը կիսանախագահական կառավարման մոդելն ու Սահմանադրությունն են»,-արձագանքելով քաղաքական ուժերին ԲՀԿ արած առաջարկին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն «ոչ թե անկատար Սահմանադրությունն է, այլ 2003 թվականից առ այսօր ամեն գնով, այդ թվում՝ առնվազն 10 մարդու սպանությամբ, ջրցան մեքենաներով, փշալարերով, ընտրական օրենսդրության և Սահմանադրության խախտմամբ իշխանությունը պահած և նրանց նվիրումով ու անվերապահ օժանդակությամբ հանդես եկած կուսակցությունները և անհատները»:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին. «Ես երկրի այսօրվա իրավիճակի հիմնական պատասխանատուներից մեկին համարում եմ Ռոբերտ Քոչարյանին, որը բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական իրավիճակը հասցրել է այսօրվան: Իհարկե, դրանում մեղավոր են նաև 2003-ին նրան աջակցած քաղաքական ուժերն ու կուսակցությունները, որոնք 2008-ին էլ աջակցեցին Սերժ Սարգսյանին: Եվ այդ ուժերը թող չփորձեն իրենց մեղքը թաքցնելու համար մոդելների մեջ թերություն գտնել: Իհարկե, կիսանախագահական կառավարման մոդելն անթերի չէ, բայց բազմաթիվ երկրներում այդ մոդելը գործում է, և ես անձամբ գտնում եմ, որ մեր երկրի համար դա լավագույն մոդելներից մեկն է: Այդ փոփոխությունը ի հայտ բերելը քաղաքական սիմուլյացիաների խնդիր է լուծում, ոչ թե երկրի ճակատագրով մտահոգության հետևանք է»:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է. «Մենք գտնում ենք, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգին»: Սրան ի պատասխան բավական հետաքրքիր արձագանք ունեցավ ՀՀԿ-ն՝ ի դեմս Էդուարդ Շարմազանովի՝ հայտարարելով, թե «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է»:











































