Ճապոնացի ավտոարտադրող Toyota ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է ամերիկյան շուկայից 11,2 հզ Scion մակնիշի ավտոմեքենաների հետ կանչման մասին: Ինչպես հաղորդել են ընկերության ներկայացուցիչները՝ մասնագետներին անհրաժեշտ է հայտնաբերել անսարքությունը, որը կարող է բերել անվտանգության բարձիկների և ամրագոտիների անսարքության:
Հետ պետք է կանչվեն 2012 և 2013թթ Scion iQ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես նշում են ընկերությունում՝ վարորդի նստատեղի կարգավորման ընթացքում կարող է վնասված լինել բարձիկների և ամրագոտիների աշխատանքը կարգավորող ցուցիչը: Ավտոարտադրողը մտադիր է անվճար տեղադրել պաշտպանիչ շերտ սենսորների վրա:
Toyota-ում ընդգծել են, որ ներկայիս հետկանչը վերաբերում է բացարձակապես ամերիկյան շուկային: Վերջում հավելվում է, որ դեռ հայտնի չէ անսարքության պատճառով որևէ վթարի մասին: