ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները էական բացասական ազդեցություն են թողել ռուսական տնտեսության վրա՝ հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին: Այս մասին փոխանցում է Vesti-ն:
«Մենք տեսնում ենք դրամատիկ ազդեցություն ռուսական տնտեսության վրա մասնավոր անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանումից հետո»,- նշել է Պսակին: ԱՄՆ-ն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցների սահմանման համար՝ ասել է նա:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել էր, որ չի բացառում հավելյալ պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի դեմ:
«Եթե Ռուսաստանը խանգարի Ուկրաինայում ընտրությունների անցկացմանը, մենք պետք է վճռական լինենք հավելյալ սահմանափակող միջոցառումների ներմուծման տեսանկյունից»,-նշել է Բայդենը:
Երեքշաբթի Bloomberg TV-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ հաշվի առնելով այն, որ այդ պատժամիջոցների մասին շատ են խոսում, իրենք դիտարկում են տարբեր սցենարներ: «Այդ սցենարներից ոչ մեկը աղետալի չէ մեր երկրի տնտեսության համար: Չնայած, իհարկե, որոշ սահմանափակումներ կարող են բավականին ցավոտ լինել»,-ասել է նա:









































