«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի զրուցակիցն է Երուսաղեմի հայոց պատրիարքի նորընտիր տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, ով այս օրերին Հայաստան է եկել՝ մասնակցելու Մայր աթոռում Գերագույն հոգևոր խորհրդին և Թեմական ներկայացուցչական ժողովին, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձին:
– Սրբազան, Երուսաղեմում հայերի ներկայությունն ունի 1700 տարվա պատմություն և այս ընթացքում Իսրայելում հսկայական տարածքներ, կալվածքներ են ձեռք բերել, սակայն անցյալ դարասկզբին բազմաթիվ ապօրինություններ, օրինախախտումներ տեղի ունեցան, որոնց արդյունքում հայկական համայնքը կալվածքներ կորցրեց: Որքանո՞վ է հիմա հնարավոր լինում զերծ մնալ կորուստներից:
– Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ունի 1700 տարվա պատմություն: Իհարկե, դարերի ընթացքում մաքառումներ են եղել քրիստոնեական սրբավայրերի մեջ մեր բաժինները և իրավունքները պաշտպանելու համար: Բնական է՝ այդ իրավունքները պաշտպանելու համար նաև եկամուտի անհրաժեշտություն է եղել: Սուրբ երկրի՝ Երուսաղեմի հայ բնակչության թիվը ստվար չէ և չի էլ եղել: Պատմության ընթացքում միշտ փոքրաթիվ համայնք ենք ունեցել, բայց պատրիարքությունն իր միջազգային քրիստոնեական սրբավայրերի և ունեցած կալվածքների շնորհիվ մեծ վարկ է ունեցել և այսօր էլ դեռ ունի: Հետևաբար, եկամտաբեր կալվածքները շատ կարևոր են ազգային սեփականությունները և իրավունքները, ինչպես նաև մեր սրբավայրերը կենդանի պահելու և պահպանելու համար:
Պետք է ասել, որ Թորգոմ պատրիարքի 22 տարիների պաշտոնավարության ընթացքում պատրիարքությունը ոչ մի կալվածք չի վաճառել, ընդհակառակը, ավելի սեղմ քաղաքականություն է վարել՝ պահպանելու կալվածքներն ինչ գնով էլ որ լինի: Թորգոմ պատրիարքից առաջ Եղիշե պատրիարքի օրոք որոշ կալվածքներ են վաճառվել, որը խթան է եղել միաբանության ներկա քաղաքականության համար, որ մենք չհետևենք այդ վնասակար ընթացքին, որ նախապես ունեցել է պատրիարքությունը: Հետևաբար` մեր կալվածքները բավականին շատ են, որոնց թիվը ես էլ չգիտեմ, բայց այդ կալվածքների վրա հիմնվելով է, որ կարող եմ ասել, որ մենք ինքնաբավ դարձած պատրիարքություն ենք, բոլորովին չենք վստահում արտասահմանյան նվիրատվություններին, որովհետև մեր կալվածքների եկամուտը մեզ կբավարարի մեր ընթացիկ ծախսերը հոգալու համար: Եթե մենք ունենանք շինարարական մեծ ծրագրեր, որոնք միլիոնների կարիք ունեն, այդ ժամանակ կզգայի արտասահմանյան օգնության կարիքը այդ ծրագրերն իրականացնելու համար:
– 1948 թվականին հայկական համայնքը 25.000 մարդ էր կազմում, ներկայումս վիճակագրությունը ի՞նչ է ցույց տալիս, գիտեմ, որ վերջին տասնամյակներում զգալի նվազել է հայերի թիվը Երուսաղեմում:
– Սա այն հավանական թիվն է, որ ունեցել ենք մինչև 1948 թվականը՝ 25,000 հայ ընդհանուր սուրբ երկրի, ոչ միայն Երուսաղեմի մեջ: Մենք խորհում ենք, որ այսօր կա 18-20,000 հայ՝ դեպի Իսրայել կատարած ներգաղթի շնորհիվ: Իսրայելի օրենքը թույլ տվեց, որ նախկին սովետական երկրներից բազմաթիվ խառնամուսնություններով ընտանիքներ տեղափոխվեն Իսրայել, այսինքն՝ հայերը, ովքեր իրենց արյան մեջ ունեն հրեական արյուն և կամ ամուսնացած են հրեաների հետ, օգտվելով Իսրայել պետության հայրենիք վերադարձի տրամադրությունից, իրենք էլ եկել և հաստատվել են Իսրայելում: Այս կարգի ընտանիքներն ավելի շատ հաստատվել են Թել Ավիվ, Աշդոդ, Հայֆա և այլ քաղաքներում, իսկ Երուսաղեմի մեջ գտնվող հայերը հաշվվում են մոտավորապես 1,500 հոգի, որոնք Հայոց ցեղասպանություն վերապրողների սերնդի զավակներ են:
– Սրբազան, իսկ ի՞նչ ապագա եք տեսնում ուծացվող, մաշվող հայկական համայնքի համար:
– Ուծացման վտանգը կա, քանի որ գաղութը նոսր է, և երիտասարդների համար երբեմն ամուսնանալու հարմար թեկնածուները պակասում են, հետևաբար` ստիպված են լինում օտար ամուսնություններ կնքել, բայց այդ ամուսնացողները, որոնք զգում են, որ հայ եկեղեցու զավակ են, իրենց կենակցին բերում են մեր եկեղեցին և կփորձեն սրբագրել օտարի հետ ամուսնացած լինելու թերությունը և նույնիսկ իրենց զավակներին են բերում Սրբոց Թարգմանչաց վարժարանը, որտեղ նրանց հայեցի ոգով են դաստիարակում:
– Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական այդ բարդ իրավիճակում, իսրայելա-պաղեստինյան հակամարտություններում որքա՞ն հայ է տեղից արտագաղթել:
– Ճիշտն ասած, այդպիսի արտագաղթ հիմա չկա, վիճակը կայուն է, արտագաղթ տեղի է ունենում, երբ պատերազմ է լինում Իսրայելի կամ Պաղեստինի միջև, կամ շրջակա արաբ երկրների միջև: Եվ քանի որ այդ պատերազմը հիմա տեղի չի ունենում, գաղութը կայուն վիճակում է մնում, նախապես, իհարկե, հազարավոր հայեր գաղթել են 1948 թվականից ի վեր եղած պատերազմի և տնտեսական տագնապի պատճառով: Բայց իմ` պատրիարքարանի ծառայության 14 տարիների ընթացքում այդպիսի զանգվածային արտագաղթ չկա, կարելի է ասել նույնիսկ անհատական արտագաղթ չկա:
– Ինչպե՞ս են հայերի և հույների հարաբերությունները, արդյոք կոնֆլիկտներից հիմա հնարավո՞ր է լինում խուսափել:
– Ներկայումս հայ և հույն եկեղեցիների հարաբերությունները լավ, բնականոն վիճակում են, իհարկե սրբավայրերի միջև ծագած հարցերը երբեմն լարվածություն են ստեղծում, բայց մենք փորձում ենք այդ լարվածությունը մեղմացնել և հարցերը լուծել երկուստեք կամ եռակողմանի հանձնաժողովի մեջ, որը բաղկացած է հայ, հույն և լատին կրոնավորների ներկայացուցիչներից: Այդ հանձնաժողովը անվանում ենք ստատուս քվո՝ գոյավիճակի պահպանման հանձնաժողով: Բացի այդ, հանգուցյալ Թորգոմ պատրիարքի հուղարկավորության ժամանակ հունաց պատրիարքը իր միաբաններով եկավ, մասնակցեց հուղարկավորությանը և հունարենով հոգեհանգստյան կարգ կատարեց, սա ցույց է տալիս մեր և հույն համայնքի պատրիարքության միջև հարաբերությունների մոտիկ և բարձր մակարդակը:
– Առաջիկայում սպասվում է Երուսաղեմի պատրիարքի ընտրությունը, քանի՞ թեկնածու կլինի, ովքե՞ր են ավելի հավանական թեկնածուները:
– Որպես պատրիարքության նորընտիր տեղապահ՝ մեր պարտականությունն է այժմ կազմակերպել պատրիարքական ընտրություն հաջորդ պատրիարքի համար: Դեռ չի սահմանված ընտրության թվականը՝ երբ կլինի, բայց հավանական է, որ առաջիկա հունվարին կկատարենք այդ ընտրության ժողովը, որովհետև արտասահմանի մեր միաբան եղբայրները խնդրանք ներկայացրին, որպեսզի նկատի ունենանք իրենց վարչական զբաղվածությունը իրենց թեմերի ներսում, և որպեսզի իրենք էլ կարողանան մասնակից դառնալ, խնդրեցին, որ հունվարին լինի: Ինչ վերաբերում է թեկնածուների հարցին՝ սկզբունքորեն մենք թեկնածություններ չենք հայտարարում: 35 տարեկան և դրանից վեր վարդապետ և եպիսկոպոս թեկնածու են համարվում, այնպես որ` միաբանության ժողովի ընթացքում հայտնի կդառնա, թե ովքեր են միաբանության մեծամասնության վստահությունը վայելում, երբ գաղտնի քվեարկությամբ հնգանուն ցանկ կկազմվի: Առաջին նիստին ժողովականները ամեն մեկը հինգ անուն կգրի քվեաթղթի վրա, և այդ պարագայում, ովքեր առավելագույն քվեներ ստացած լինեն, կկազմեն առաջին հինգ թեկնածուների ցուցակը, հաջորդ օրը՝ ընտրության բուն նիստին, միաբանությունը միանուն քվեով կընտրի հաջորդ պատրիարքին մեծամասնության ձայնով, հինգից մեկը կընտրվի որպես նոր պատրիարք:
– Ավանդաբար Երուսաղեմում հայերը միշտ արաբների կողմն են կարծես բռնել, նրանց հետ են եղել: Ավելի արդյունավետ չէ՞ր լինի պահպանել հավասարություն բոլորի նկատմամբ:
– Հարցը այս ձևով դնելը ճիշտ չէ, որովհետև մեր պատրիարքարանի քաղաքականությունը հավասար ձևով մոտենալն է մեր երկու հարևան ազգերին և իրենց իշխանություններին: Ես` որպես արտաքին հարաբերությունների վարիչ, միշտ էլ գործել եմ թե՛ հրեական կողմի ներկայացուցիչների, թե՛ պաղեստինյան կողմի ներկայացուցիչների, քաղաքական և պետական անձերի հետ, նաև շեյխերի հետ: Համայնքի մեջ անձերը կարող են ունենալ իրենց համակրությունները. կան անձինք, որ արաբասեր են, կան անձինք, որոնք հրեասեր կարող են լինել, սա անհատական է և ոչ պաշտոնական:










































