Եվրամիության իշխանությունները համաձայնել են այն պայմանների հետ, որոնք առաջարկել են էլեկտրոնային գրքերի հրատարակիչներն ու Apple կորպորացիան: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Աղբյուրները հայտնում են, որ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի արդեն մոտակա շաբաթներին:
Ավելի վաղ հրատարակչատները առաջարկել էին կոնֆլիկտի լուծման այնպիսի տարբերակ, որի դեպքում 2 տարվա ընթացքում նրանք չեն միջամտի էլեկտրոնային հրատարակչությունների վաճառողներին գները սահմանելիս:
Իր հերթին Apple-ն առաջարկում է ժամանակավորապես կասեցնել պայմանագրի գործողության ժամկետը most favored nation պայմանով: Վերջինս արգելում է հրատարակիչներին պայմանագրեր կնքել ընկերութան մրցակից ընկերությունների հետ և գրքերի վաճառք իրականացնել ավելի էժան, քան վաճառում է Apple-ը:
Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին եվրակարգավորողների մոտ կասկածներ առաջացան, որ Apple-ն ու մի շարք հրատարակիչներ պայմանավորվածություն էին ձեռք բերել Եվրամիության երկրներում էլեկտրոնային գրքերի վաճառքի գնային քաղաքականությունը կարգավորելու համար:
Եվրահանձնաժողովը որոշել էր պարզել՝ այդ պայմանավորվածությամբ սահմանափակվո՞ւմ է մրցակցությունը, և որքանո՞վ է դա առնչվում գնորդների շահերի հետ:
Ներկայում նրանք որոշել են այն ընդունել ու մի կողմ դնել կասկածելի եղանակները:
Եթե գործը տեղափոխվեր դատարան, ապա այն Apple-ի համար նպաստավոր չէր լինի: ԵՄ-ի կանոնների համաձայն՝ ընկերությունը, որին մեղավոր են ճանաչում անազնիվ մրցակցության մեջ, կարող է ստանալ տուգանք հասույթի 10 տոկոսի չափով:
Amazon-ն ու էլեկտրոնային գրքերի մյուս տարածողները տոնում են հաղթանակ՝ նրանք ներկայում կարող են ուղղակիորեն պայմանավորվել հրատարակչությունների հետ վաճառքի պայմանները որոշելու հարցում ու մտավախություն չունենալ Apple-ից:











































