Այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը հաստատել է միասեռական ամուսնությունների մասին օրենքը, որը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի 2013թ. հունվարին:
Ինչպես հաղորդում է France-Press-ը, ի տարբերություն Նիկոլա Սարկոզիի, ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը իր նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր օրինականացնել միասեռական ամուսնությունները:
Եթե օրինագիծը խորհրդարանի կողմից ընդունվի, ապա միասեռական զույգերը կկարողանան նաև երեխաներ որդեգրել: Երկու պալատներում էլ ձայների բացարձակ մեծամասնությունը ձախերին է պատկանում:
Ֆրանսիայի Սոցիալական հարցերով նախարար Մարիսոլ Տուրենը հայտարարել է, որ նման օրենքը կապահովի անկախ սեռից նրանց պաշտպանությունը, ովքեր ցանկանում են ապրել միեւնույն սեռի պատկանող զուգընկերոջ հետ: Նրա խոսքով՝ ձախերը կարող են հպարտանալ այդ բարեփոխմամբ:
Օլանդն անձամբ հանդիպման ժամանակ օրինագիծն անվանել է «առաջընթաց ոչ միայն ոմանց, այլ ամբողջ հասարակության համար»:











































