Ինչպես հայտնի է՝ հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Բուդաղյանների կրտսեր եղբայրը՝ Արա Բուդաղյանը, այսօր ինքնաբացարկ էր հայտնել հօգուտ Գորիսի քաղաքապետի մեկ այլ թեկնածու Տիգրան Կարապետյանի: Վերջինս համարվում է Սյունիքի ներկա մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորյալը:
Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաբացարկ է ներկայացրել նաև Տիգրան Կարապետյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի թեկնածու Վաչագան Ադոնցին ընտրություններում միայնակ թողնելով ինքնառաջադրված «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանի հետ:
«Առաջին լրատվական»-ը Արա Բուդաղյանից հետաքրքրվեց` սա նշանակո՞ւմ է, որ իր սպասելիքները չարդարացան: «Դե հա, չարդարացան էլի»,- ի պատասխան ասաց Բուդաղյանը: «Ես առաջադրվել էի այն նպատակով, որ վերջում պաշտպանեմ Տիգրան Կարապետյանին»,- ասաց Բուդաղյանը՝ շարունակելով, որ Տիգրան Կարապետյանի հետ նախապես պայմանավորվածություն է եղել, որ ինքը հանելու է թեկնածությունը նրա օգտին: «Մինչև վերջին րոպեները ինքնաբացարկի զրույց չի եղել: Իմ համար անակնկալ էր»,- ի պատասխան մեր հարցին ասաց նախկին թեկնածու Արա Բուդաղյանը:
Արա Բուդաղյանը դեռ չի հանդիպել Տիգրան Կարապետյանի հետ և հստակ չգիտի վերջինիս ինքնաբացարկի պատճառը: «Ես Գորիսում չեմ, չեմ տեսել իրեն: Կարող է էնպիսի բան է եղել, որ ինքը դիմել է այդ քայլին: Իրան որ տեսնեմ, հետո պարզ կլինի»,- ասաց Բուդաղյանը: Մեր հարցին` այդ դեպքում ճիշտ չէ՞ր լինի, որ ինքը չհաներ թեկնածությունը և չի՞ ափսոսում, որ հանել է հօգուտ Տիգրանի, Բուդաղյանն այսպես պատասխանեց. «Դեռ շատ մտածելու բան կա, պարզ չի»: Բուղադյանը նաև դեռ «չի կարող ասել` դա քաղաքակա՞ն որոշում էր, թե` ոչ»:
Մեր հարցին` ինչպե՞ս է գնահատում, որ Սուրեն Խաչատրյանի թեկնածուն մնաց առանց մրցակցի և փաստացի Գորիսը հանձնում են Սուրեն Խաչատրյանին, Արա Բուդաղյանը պատասխանեց. «Չեմ կարող էդ հարցին պատասխանել, մինչև չիմանամ թեման, չեմ կարող էդ հարցին պատասխանել»:
Արա Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, մամուլում ասել էր, թե լսել է, որ Տիգրան Կարապետյանի վրա վերևից ճնշումներ կան, որ հանի թեկնածությունը: «Ես ոչ մի բան չգիտեմ, նոր պիտի ամեն ինչ իմացվի»,- այս առթիվ ասաց Արա Բուդաղյանը: Իր վրա, Արա Բուդաղյանի խոսքերով, ճնշում չի եղել և «չի էլ կարող լինել»:
Թե ինչ քայլեր է ձեռնարկելու Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Բուդաղյանը` դեռ չի որոշել:











































