Այս տարվա բյուջեի նախագիծն առանձնապես չի տարբերվում նախորդ տարիների բյուջեներից, քանի որ նույն տրամաբանությամբ է կազմվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ բանախոսի, սակայն, երկրում կան խնդիրներ, որոնք ոչ մի բյուջե չի կարող լուծել, եթե համակարգային փոփոխություն չլինի: Առաջին խնդիրը ստվերի դեմ պայքարն է, ինչի համար կամք պետք է ցուցաբերվի: Արմեն Մարտիրոսյանը մատնանշեց նաև տնտեսական դաշտում առկա մենաշնորհները՝ եկամուտների կենտրոնացվածության բարձր մակարդակը: «Այս պայմաններում որքան էլ մեզ մոտ տնտեսական աճ լինի, դա զգալու են միայն հարուստները, իսկ հասարակ քաղաքացին էական տարբերություն չի զգա»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացմանը՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց` եթե «Ժառանգություն» կուսակցության առաջարկները կառավարության կողմից ընդունվեն, իրական քայլեր կկատարվեն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Ըստ նրա՝ որպեսզի կոռուպցիայի դեմ համակարգային պայքար տարվի, պետք է քաղաքական մոնոպոլիան բացառվի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































