Սիրիական զորքերը զինված ծայրահեղականներից ազատագրել են Հարասթա արվարձանը,- հաղորդում է «Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը:
Ավիացիայի և հրթիռների մասնակցությամբ ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ:
Թադամուն քաղաքի հարավային ծայրամասում մաքրվում են բնակելի թաղամասերը: Սիրիացի զինվորականները փակել են գրոհայինների ճանապարհը պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարի հարևանությամբ:
Մարտերը շարունակվում են Ալ-Հուջեյր և Իլդա արվարձաններում:
Նշենք, որ Դամասկոսի հյուսիս-արևմուտքում՝ Քուդսայա և Դումար շրջաններում ահաբեկչության զոհ է դարձել 15 մարդ: Ամենաշատը տուժել է Հայ Ալ-Վուրուդ թաղամասը, որտեղ տեղակայված է հանրապետական գվարդիայի զորանոցը: Դամասկոսի հարավում՝ Քուդամ թաղամասում, սունիական մզկիթի մոտ ական է պայթեցվել, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Ականապատ մեքենա է պայթեցվել նաև Բերզի թաղամասում՝ «Կասյուն» ռազմական ակումբի մոտ:









































