Սիրիայում հայաշատ Քեսաբի վրա հարձակումից հետո բռնությամբ Վագըֆ գյուղ տեղափոխված հայերը Բեյրութ պիտի տեղափոխվեն: Այս մասին հայտնել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Մենք աշխատում էինք այս ուղղությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Լիբանանի և Սիրիայի մեր հայկական կազմակերպությունների հետ: Բանն այն է, որ 22 հոգուն ավելացել են ևս 5 մարդ. նրանք ցանկություն են հայտնել վերամիավորվել իրենց ընտանիքների հետ, և քանի որ ընտանիքները Հայաստանում չեն, այդ պատճառով նրանք պետք է հասնեն կա՛մ Բեյրութ, կա՛մ Լաթաքիա: Նրանց ապահովել են փաստաթղթերով, որ կարողանան տեղաշարժվել»,- ասել է նախարարը:
Նախարարությունը նախապես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գարսենյակին էր տրամադրել ցանկը այն բոլոր քեսաբահայերի, ովքեր գտնվում են Թուրքիայում՝ խնդրելով օգնել, որպեսզի նրանք միանան իրենց ընտանիքներին։









































