Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց բռնաբարության փորձի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս գործով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Մնոյանի նախագահությամբ կայացրել է արդարացման դատավճիռ:
Ամբաստանյալի և տուժողի անունները փոխված են ներկայացվում:
26-ամյա ամբաստանյալը՝ Խալոն, մեղադրվել է այն բանի համար, որ 2013 թվականի հունվարի 12-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գործող «Աղայան ԱՁ» սննդի օբյեկտի հյուրանոցային սենյակում ալկոհոլ օգտագործած վիճակում տուժողի՝ Մարգոյի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Մերժում ստանալով՝ կոտրված շշի կտորով Խալոն հարվածել է կնոջ բազկին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, գործադրել է բռնություն, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. Մարգոն նրան հրել ու փախուստի է դիմել:
Բռնաբարության փորձի համար մեղադրվող Խալոն իրեն մեղավոր չի ճանաչել:
Մարգոյի տված ցուցմունքները հակասական են, նա հենց սկզբից հայտնել է, թե գրավոր հայերենին չի տիրապետում:
Դատարանում 32-ամյա Մարգոն պնդել է, որ Խալոն բռնաբարության փորձ չի կատարել: Ինքը նման հաղորդում չի տվել ոստիկանությունում: Ասել է միայն, որ ընկերը ծեծել է իրեն: Հաղորդումն ինքը չի գրել, գրվածը բարձրաձայն չի ընթերցվել:
Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին ճանաչել է անմեղ և արդարացրել է՝ մեղսագրված արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պնդելով, թե բռնաբարության փորձը տեղի է ունեցել, ու մեղավոր տղամարդը պետք է պատժվի:
Բողոք բերած դատախազից՝ Դավիթ Ավագյանից բացի, բողոքի քննությանը ներգրավվել է նաև Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Չնայած տուժողը պնդում է, թե ամբաստանյալն իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել, դատական առաջին ատյանն էլ նույն եզրակացությանն է հանգել, դատախազությունը համոզված է, որ այդ փորձը հաստա՛տ կատարվել է:
Քանի որ վերաքննիչ դատարանը բողոքի քննությունը վերաքննության կարգով է կատարում, Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրեց իր մեղադրական ճառը:
Դատախազը ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը կետ առ կետ, տառ առ տառ սխալ հանեց: Ընդ որում՝ դատախազի ելույթը արդարացման դատավճիռ կայացրած դատավորի մեղադրական եզրակացությունն էր հիշեցնում: Դատախազը նույն նախադասությունները կրկնում էր բազմիցս, բոլոր բառերի ու տառերի առումով ներկայացնում իր գնահատականը: Եվ մերթընդմերթ ի մի էր բերում մեղադրական դիրքորոշումը. «Դատարանը ինչ-ինչ դրդապատճառներ է ունեցել արդարացման դատավճիռ կայացնելու համար»: «Դատարանը այդ կերպ է ներկայացրել՝ ակնհայտ ապօրինի դատական ակտը հավաստի դարձնելու համար»: «Դատարանները քոփի-փաստ են անում նախադեպային որոշումները՝ առանց կոնկրետ իրենց գործով հետևություններ անելու»: «Դատական քննության ընթացքում դատավորը հարցաքննությունները կատարել է օրենքի կոպիտ խախտումներով»: «Առաջին անգամ եմ նման դատական ակտ հանդիպում իմ հարուստ դատական պրակտիկայի ընթացքում»: «Դատարանը հանդես է եկել որպես շահագրգիռ կողմ… Ինչո՞վ էին շահագրգռել, որ ակնհայտորեն խախտումներ էր կատարում… Վերաքննիչ դատարանը գոնե անուղղակի կերպով գնահատանքի պետք է արժանացնի դա…»: «Դատարանն ունեցել է նախապես կազմված սցենար, տվել է հարցեր, որոնք կբավարարեին արդարացման դատավճիռ կայացնելու պահանջներին… Դատավորը դուրս է եկել մեղադրանքի շրջանակներից ու իր լիազորությունների սահմաններից… Ամբաստանյալին թշնամի չլինելու հանգամանքը բառի բուն իմաստով դատարանը կորզել է տուժողից… Դատավորը բացարկման ենթակա անձ է եղել, թեկուզ այդ պատճառաբանությամբ նրա կայացրած դատական ակտը պետք է բեկանվի… Դատավորը գիտակցել է, նախատեսել է, ցանկացել է այն, ինչ արել է, նա ուղղորդող հարցեր է տվել…»:
Միևնույն ժամանակ դատախազը վերաքննիչի երեք դատավորներին իր բոլորովին այլ գնահատականը տվեց… առայժմ. «Ծանոթ եմ ձեզանից յուրաքանչյուրի բարձր գիտելիքներին…»:
Անվերջ կրկնություններով ու «պաթետիկ հարցադրումներով» հագեցած ելույթը դատախազն արտասանեց մի քանի ժամ: Նրա անհամաձայնությունն արդարացման դատավճռի յուրաքանչյուր տառին ու կետադրական նշանին էր վերաբերում, դատավորի բոլոր հիմնավորումներին:
Դեպքի վայրի՝ հյուրանոցային սենյակների զննության ժամանակ հրավիրված ընթերակաների դատաքննական ցուցմունքներում հնչած միտքը, թե իրենք ենթադրել են՝ սենյակում ամուսիններ են եղել, ովքեր վիճել են իրար հետ, դատախազը ենթարկեց «սոցիալական կատեգորիկ հերքման». «Գիշերվա այդ ժամին ամուսինները չէին կարող հայտնվել իրենց բնակավայրից բավական հեռու վայրում՝ այդ հյուրանոցում, կինը կիսամերկ վիճակում չէր կարող դուրս փախչել ու օգնություն խնդրել անծանոթ մարդուց՝ պահակից… Էդ էլ եթե մի պահ պատկերացնենք, որ էդպես է եղել, բայց կինը մերկ վիճակում ամուսնուց փախչում ու պահակից օգնությո՞ւն է խնդրում, հետո ոստիկանությո՞ւն է դիմում… Ինչպե՞ս կարող են այսպիսի ցուցմունքները դրվել արդարացման դատավճռի հիմքում… Իրականությունն այն է, որ տուժողը ամբաստանյալի ճիրաններից մի կերպ ազատվելով՝ օբյեկտի պահակի մոտ է գնացել… Նա ընթերակաների մոտ չի ասել, որ իր նկատմամբ բռնաբարության փորձ է եղել, որովհետև հոգեբանորեն ծայրահեղ ծանր վիճակի մեջ հայտնված կինը օտարների ներկայությամբ չէր կարող ասել, թե փորձել են իրեն բռնաբարել… Դատաքննության ժամանակ տուժողը դատարանից թույլտվություն հարցրեց՝ կարելի՞ է մի բան ասեմ, թող որևէ մեկը իմ նկատմամբ թշնամաբար չտրամադրվի… Սա նշանակում է, որ տուժողը վախեցած ու սարսափած վիճակում է եղել… Յուրաքանչյուր մարդ տուժողի նման կվարվեր…»:
Բռնաբարության փորձից «մազապուրծ եղած» տուժողի վիճակի մեջ մտնելու ջանքերը դատախազին հասցրին պոեզիայի դուռը: Նա ասաց, թե ցանկանում է Ֆրիկի տողերը մեջբերել. «Կացինդ սրելուց առաջ գեթ մեկ անգամ քեզ ծառ զգա…»: «Ծառն»» էլ տվյալ դեպքում, իհարկե, տուժողն էր…
Դատախազը «հասկանալի» համարեց նաև օբյեկտի տիրոջ տված ցուցմունքը, թե իր իմանալով՝ տղամարդն ու կինը ամուսիններ են եղել: Դատախազն ակնարկեց, թե այդ օբյեկտի տիրոջը կարող են և դատել՝ պոռնկությանը նպաստելու համար: «Իր օբյեկտը սեռական հարաբերություն ունենալու համար մարդկանց տրամադրողը այդ հանգամանքը չէր փաստի… Եթե դատարանը խորամուխ լիներ, այս կոնտեքստում կգնահատեր նրա ցուցմունքը…»:
Դատախազը անհասկանալի համարեց, որ տղամարդը փախել էր հյուրանոցից, երբ կինը ոստիկաններին էր դիմել: Դա նրա մեղքը հիմնավորող վարքագիծ կարելի էր համարել. «Եթե ոչինչ չէր արել, ինչո՞ւ էր փախչում: Իբր՝ վախեցել է… Դատական ակտում հաշվի է առնվել, թե կամովին ներկայացել է ոստիկանություն: Դա խիստ վիճարկելի է…»:
Դատախազը հաճախ էր կրկնում, որ դատավորի ձևակերպումներն առաջացրել են իր վրդովմունքը, մինչև անգամ՝ սարսափը…
Դատախազն անդրադարձավ նաև տուժողի անձին: Նրան բնութագրեց որպես ստախոս, անվստահելի մարդու, նա անհարգելի բացակայել է դատական նիստերից, ասել է, թե գրավոր հայերենին չի տիրապետում, իսկ դատախազը վերաքննիչ բողոք բերելուց հետո հետաքրքրվել ու պարզել է, որ նա հայկական կրթություն է ստացել: Դատախազը հիշեց նաև, որ վերաքննիչ դատարանի նիստերից մեկի ժամանակ տուժողի համար շտապօգնություն է հրավիրվել, քանի որ նա ասել էր, թե բարձր ջերմություն ու ճնշում ունի, բայց բժիշկները պարզել են, որ նա լիովին առողջ է, տիեզերագնացի ճնշում ունի…
Տուժողի ստախոս լինելու հանգամանքը կարող էր հաստատել հակառակը՝ որ նա ունակ էր նաև սուտ հաղորդում տալ ոստիկանությունում, իր իսկ հետագա խոստովանությամբ՝ տղամարդու «գլխին սարքել»: Սակայն դատախազը տուժողի բացասական բնութագիրը ներկայացնում էր, որպեսզի ապացուցի, թե նա դատարանո՛ւմ է սուտ ասել, ժխտել է, որ ամբաստանյալն իր նկատմամբ բռնաբարության փորձ է արել, քանի որ ամբաստանյալի հետ «համագործակցության մեջ է»:
Դատախազը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանում դատավորը «կարմիր թելի պես մի գիծ է առաջ տարել՝ թե ամբաստանյալն ու տուժողը միմյանց նկատմամբ զգացմունք են ունեցել»: Սակայն դատավորը, ըստ դատախազի, հաշվի չի առել, որ զգացմունքների դեպքում էլ կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն հետապնդվում է…
Դատախազը մեջբերեց, որ հարցաքննության ժամանակ դատավորը հաճախ ընդմիջել է տուժողին, ուղղորդող հարցեր է տվել: Օրինակ՝ տուժողը մի նախադասություն է սկսել, թե ամբաստանյալը խմիչքի ազդեցության տակ էր… Բայց դատավորն ընդհատել է նրան ու հարցրել. «Համբուրվե՞լ եք»: Ա՜յ քեզ բան՝ բացականչեց դատախազը՝ լրիվ անթույլատրելին է կատարել դատարանը… Տուժողն ի պատասխան դատավորի հարցերի՝ ամբաստանյալի մասին ասել է. «Առյուծը մեջն արթանացել էր…»: Դատավորն էլ ըմբռնումով ասել է. «Երկուսդ էլ հասուն մարդիկ եք»: «Ըհը՜»,- բացականչեց դատախազը՝ դատավորի ասածի մեջ տեսնելով արդարացման դատավճռի դատապարտելի «կարմիր թելը»:
Իսկ իր ելույթի վերջին մասը դատախազը կանգնած արտաբերեց: Երևի՝ ի նշան սեփական միջնորդության նկատմամբ ակնածանքի: Դատախազը միջնորդեց արդարացման դատավճիռը բեկանել, կայացնել մեղադրական դատավճիռ՝ ի հեճուկս տուժողի և ամբաստանյալի՝ հիմնավորված համարելով բռնաբարության փորձի առկայությունը, կամ բեկանել արդարացման դատավճիռը, և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Տուժողը, որ դատախազի երկարաշունչ ելույթի ընթացքում անընդհատ դժգոհ արտահայտություն էր տալիս դեմքին, ասաց, որ արդարացման դատավճիռը պետք է թողնել անփոփոխ: Ինքը դատարանում տվել է ճիշտ ցուցմունքներ, ամբաստանյալն իր նկատմամբ բռնաբարության փորձ չի՛ կատարել, քննիչը իրեն շեղել է ու տվել սխալ հարցեր:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը ժամանակ խնդրեց իր ճառին պատրաստվելու համար՝ պատճառաբանելով, որ դատախազի երկար ճառը իրեն հնարավորություն չի տալիս անմիջապես հանդես գալու համարժեք պատասխանով: Պետք է պատրաստվի: Բայց խոստացավ, որ իր պաշտպանական ճառը կես ժամից ավելի չի տևի:
Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 26-ը:








































