Apple-ն ու Google-ը գաղտնի մշակում են 3D-տպիչներ: Այս մասին Benzinga կայքին տված հարցազրույցում հայտնել է Global Equities Research վերլուծական ընկերության գործադիր տնօրեն Թրիփ Չոուդրին:
Չոուդրին հիշեցնում է, որ Apple-ը վաղուց նոր արտադրանք չի թողարկել: Մինչ օգտատերերը նրանից սպասում են «խելացի» iWatch ժամացույց, ընկերությունը կարող է բոլորովին այլ արտադրանք թողարկել՝ 3D-տպիչ: Զուգահեռ նույնանման արտադրանք է պատրաստում Google-ը:
Վերլուծաբանի գնահատմամբ՝ Google կորպորացիան իր նախագիծը կներկայացնի ընթացիկ տարվա հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում, իսկ սարքը զանգվածային վաճառքի կհանի 1-1.5 տարվա ընթացքում: Ընդ որում՝ Չոուդրին ենթադրում է, որ Google-ն իր սարքի մշակումը սկսել է միայն այն բանից հետո, երբ իմացել է, որ Apple-ը սկսել է աշխատել 3D-տպիչի վրա:
Չոուդրիի ենթադրությունը հիմնված է այն բանի վրա, որ 2013 թվականի նոյեմբերին Apple-ը գնել է Kinect-ի համար 3D սենսորների արտադրությամբ զբաղվող իսրայելական PrimeSense ընկերությունը: Այդպիսով, ընկերությունը եռաչափ մոդելավորման ոլորտում արտոնագրային բազա ունի: Վերլուծաբանը հիշեցնում է մրցակիցների պարբերական փորձերի մասին՝ սկզբունքորեն ավելի շուտ նոր արտադրանքներ թողարկել, քան ամերիկյան ընկերությունը: Օրինակ՝ Samsung-ն ավելի շուտ թողարկեց «խելացի» ժամացույց:









































