Միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն համարվում է Ուկրաինայի նախագահական ընտրարշավի առաջատար՝ գրում է The Wall Street Journal-ը: Մինչ քվեարկությունը մնում է մեկ շաբաթից քիչ ժամանակ, և Պորոշենկոն շարունակում է ասել, որ երկրում կայունացման առաջին քայլը առաջին փուլում իր հաղթանակն է՝ նշում է թերթը:
Հայտնի չէ, կկարողանա՞ Roshen հրուշակագործական գործարանի սեփականատերը, որը հայտնի է «շոկոլադի արքա» մականունով, հաղթահարել 50 տոկոսանոց շեմը՝ երկրորդ փուլից խուսափելու համար: Վերջերս անցկացված հարցումներից մեկի համաձայն՝ Պորոշենկոն ունի 54.7 տոկոս ձայն հավաքելու շանս, սակայն ավելի վաղ անցկացված հետազոտություններն այլ տվյալներ են ներկայացնում:
Թերթը մեջբերում է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի վիճակագրությունը, համաձայն որի՝ Պորոշենկոյի օգտին կարող է քվեարկել ուկրաինացիների 33.7 տոկոսը:
Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ 5.9 տոկոս սպասվող ձայներով: Երրորդ տեղում Սերգեյ Տիգիպկոն է (4.1%):
Թեկնածուի հարցում դեռևս չի կողմնորոշվել պատասխանողների 25.4 տոկոսը, քվեարկության չի գնալու 13 տոկոսը:









































