ԱԺ ոչ իշխանական քառյակը մայիսի 17-ին խորհրդարանում անցկացրեց հերթական հանդիպումը: Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ավարտից հետո հյուրընկալով խմբակցության` ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ օրակարգում նախ Կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշման հարցն էր: «Մեր տեսակետները բավական մոտ են իրար, և մենք հույս ունենք, որ քվեարկության օրը կունենանք միասնական դիրքորոշում: Երկրորդ հարցը միասնական քաղաքական օրակարգի ձևավորումն էր և հանրային միջոցառումների անցկացումը: Բովանդակալից և կառուցողական քննարկումներ ունեցանք, որի արդյունքում որոշել ենք հետևյալը. կձևավորվի պահանջների ցանկ, որը մենք կներկայացնենք իշխանությանը, կձևավորվի քաղաքական օրակարգ` մեկ շաբաթվա ընթացքում: Քառյակը որոշել է, որ պետք է ժողովրդին մասնակիցը դարձնի ողջ քաղաքական գործընթացի, մասնավորապես` այս քաղաքական օրակարգի հաստատմանը, նաև որոշել է, որ կառաջնորդի ժողովրդին այս քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում, այսինքն` որոշել ենք անցկացնել հանրահավաք, որի նպատակը հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը պիտի լինի»,- ասաց նա` նշելով, որ հարցը` երբ կլինի այդ հանրահավաքը, դեռ շարունակում է մնալ իրենց քննարկումների առարկա, բայց հանրահավաք լինելու է միանշանակ:
Զուրաբյանը նաև տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն հրատապ է համարել համամասնական ընտրական համակարգին անցնելու իր օրինագիծը: Այս հարցում կա լիարժեք միասնություն. բոլոր խմբակցություններն էլ համարում են, որ Հայաստանում այսօր գոյություն ունեցող համակարգն ըստ էության նպաստում է քաղաքական համակարգի աղճատվածությանը, և մեծամասնության մանդատներով ընտրվում են նրանք, ովքեր նպաստում են իշխանության վերարտադրմանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ` անցումը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին էական փոփոխություն կբերի Հայաստանում ժողովրդավարության հաստատման առումով:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ քառյակն ունի համաձայնություն` կուտակայինի վերաբերյալ նոր օրինագիծ բերել ԱԺ` արտահերթ ռեժիմով: «Նախագիծը կդրվի շրջանառության մեջ, կոնկրետ երբ ` չենք որոշել, դա նաև ինչ-որ չափով կախված է պարտադիր բաղադրիչի վերաբերյալ իշխանության դիրքորոշումից: Մոտ օրերին այդ նախագիծը կդնենք արտահերթ նիստի»,- ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե` Կառավարության ծրագրին կողմ չլինելու դեպքում իրենք կներկայացնեն այլընտրանքային ծրագիր, Զուրաբյանը նշեց, որ նման առաջարկ քառյակը չի քննարկել, և որևէ մեկի կողմից չի եղել նման առաջարկ:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը` իրեն ընդդիմադիր հայտարարած ՕԵԿ խմբակցությունը փորձում է համագործակցել քառյակի հետ, և մշտապես հայտարարում է այդ մասին, սակայն նրա ձեռքը մեկնած է մնում, Զուրաբյանն արձագանքեց. «Թող շարունակի հայտարարություններ անել: Գիտեք, առաջ քաղաքական մեծամասնությունը` էդ կեղծ մեծամասնությունն ուներ հինգ ձայն ավել, հիմա ունի հինգ ձայն պակաս, եթե դա շարունակի (ՕԵԿ-ը), դրանով օգուտ կբերի: Հինգ ձայն պակաս քաղաքական մեծամասնությանը, նշանակում է` հինգ ձայն ավել քառյակի համար»,- ասաց նա:







































