Թուրքիայի ոստիկանությունը Սոմա քաղաքում, որտեղ հանքում պայթյունի հետևանքով 299 մարդ է զոհվել, բազմահազարանոց ցույցը ցրելու համար ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել՝ հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի Սոմա քաղաքի հանքում մոտ 300 մարդու կյանք խլած պայթյունի կապակցությամբ բողոքող հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ: Ցուցարարները կարծում են, որ կառավարությունն է պատասխանատու վթարի համար, նաև հանքերի տերերին մեղադրում են անվտանգության տարրական պայմանների համար խնայելու մեջ:
Ոստիկանության միջամտությունից հետո ցուցարարները թաքնվել են մոտակա փողոցներում: «Մենք ոչ մի վատ բան չենք արել, նրանք մեզ թույլ չեն տալիս նույնիսկ արտահայտել մեր ցավը»,- ասել է ցուցարարներից մեկը:
Բողոքի ակցիաները սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ հանքը սպասարկող ընկերության ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ժամանակ չեն ընդունել տեղի ունեցածին իրենց մասնակցությունը:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը պաշտոնապես հայտարարել է, որ հանքի ներսում հրդեհը դեռ չի մարվել, սակայն դրա ինտենսիվությունն աստիճանաբար նվազում է:
Հիշեցնենք՝ Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն վթարը հանքում տեղի է ունեցել մայիսի 13-ին: Պայթյունի պահին հանքահորում 787 մարդ է եղել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 299-ի:










































