Եթե Ռուսաստանը դադարի սուբսիդավորել գազը, ապա էներգետիկայի աճի ոտքերն ենք տեսնելու: Այսօր ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստերի ժամանակ նման հայտարարություն արեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ էներգետիկայում աճը արհեստական է և կայուն չէ. եթե Ռուսաստանը գազի գինը ՀՀ-ի համար միջազգային գնին հավասարեցնի, մենք փաստի առաջ ենք կանգնելու: Ներկայում էներգետիկայի աճը, ըստ նրա, պայմանավորված է հանքագործության աճով, որտեղ էլեկտրաէներգիայի սպառումը ավելանում է, իսկ երբ գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան նույնպես կթանկանա, և կգրանցվի նվազում:
Բագրատյանի խոսքով` եթե ՀՀ-ում 96% տոկոսը գազիֆիկացրել են, սակայն 60%-ն է գազ օգտագործում, ինչո՞ւ են գազիֆիկացրել: Նա նկատեց, որ ԱԷԿ-ը վերագործարկվել է իր վարչապետության օրոք և 99.9%-ով ՀՀ-ի ուժերով, որին «Ատոմէներգանախագիծ» ինստիտուտը լուրջ դերակատարում է ունեցել, բայց մի քանի տարի առաջ փոխվեց տնօրենը.
«Նախարարը լիներ, պիտի հարցնեի՝ իր բարեկա՞մն է, ի՞նչ է: Մի քանի տարուց այդ ինստիտուտը չի լինի, փոխարենը ռեստորան կկառուցեն, տեղը լավն է՝ ձորում»:
Բագրատյանը նշեց, որ նոր ԱԷԿ-ի հարցը քննարկում են, բայց թե երբ կսկսվի շինարարությունը` պարզ չէ:
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հայտնեց, որ նախարարը այս քննարկմանը չի մասնակցում վատառողջ լինելու պատճառով: Ըստ նրա՝ գազիֆիկացման հետ կապված խնդիրը և՛ տնտեսական, և՛ սոցիալական բաղադրիչներ ունի, այսօր կարևորվում է այդ խնդիրը որոշ սահմանամերձ բնակավայրերում: Մեղրիի գազիֆիկացումը, օրինակ, պետք է իրականացվի դրամաշնորհային միջոցների հաշվին: Փոխնախարարը համաձայնեց, որ մյուս բնակավայրերում գազի գնի բարձրացման դեպքում սպառման կառուցվածքի փոփոխություն կարելի է սպասել:
«1995թ.-ին ԱԷԿ-ի վերագործարկումից հետո ամեն տարի իրականացվել են միջոցառումներ գործող էներգաբլոկի անվտանգության համար, այդ թվում` գրանտային, ԱՄՆ-ի աջակցությամբ, և առ այսօր 110 մլն դոլար ներդրում է կատարվել այդ ուղղությամբ: ԱԷԿ-ը անվտանգության բոլոր նորմերին համապատասխանում է, և մետաղի հետ կապված խնդիր չկա»,- հավաստիացրեց Ա. Սիմոնյանը՝ հավելելով, որ նոր ԱԷԿ-ի համար ֆինանսավորման շուրջ բանակցությունները շարունակվում են ՌԴ-ի և մյուս երկրների հետ. «Մեր խնդիրն է՝ առավելագույնս այդ ծախսը բյուջեի վրա չդնել»:
Անդրադառնալով «Ատոմսեյսմանախագիծ» ինստիտուտին՝ Ա. Սիմոնյանը հայտնեց, որ այն վերակազմավորմամբ միացվել է Էներգետիկայի ԳՀ ինստիտուտին:








































