Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ամիսներ առաջ մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) գնման վերաբերյալ Թուրքիայի հայտարարած տենդերը չեղյալ չի հայտարարվել: Տենդերին մասնակցում են ամերիկյան Patriot, ռուսական S-400, չինական FD-2000 և ֆրանս-իտալական Eurosam Samp-T ԶՀՀ-ները: Դրանց գնման գործարքը գնահատվում է 4 միլիարդ դոլար:
Թեև ՆԱՏՕ-ն հակահրթիռային վահան (ռադար) է տեղակայել Մալաթիայում, այնուամենայնիվ, հնարավոր հրթիռային հարձակման դեպքում Թուրքիային պաշտպանելու համար նախատեսված հակահրթիռները գտնվում են նրա սահմաններից դուրս: Այդ պատճառով էլ Թուրքիան ցանկանում է սեփական տարածքում ունենալ ԶՀՀ-ներ:
Թուրքիայի ռազմական արդյունաբերության փոխնախարար Մուրադ Բայարը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք չեղյալ չեն հայտարարել ԶՀՀ-ների գնման վերաբերյալ իրենց հայտարարած տենդերը, որին մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան և Չինաստանը.
«Ներկայումս մենք վերլուծության ենք ենթարկում ստացված առաջարկները, և շուտով այդ գործընթացը կմոտենա իր ավարտին: Ակնկալվում է, որ հաջորդ ամիս գումարվելու է Ռազմական արդյունաբերության նախարարության գործադիր կոմիտեի նիստը, որը նախագահելու է վարչապետ Ռեջեփ Էրդողանը, և որին մասնակցելու է գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը:
Հենց այդ նիստում էլ կհրապարակվեն ԶՀՀ-ների գնման տենդերի արդյունքները: Արդյունքների հայտնի դառնալուց հետո ակնկալվում է, որ այդ ԶՀՀ-ները Թուրքիայի տարածքում տեղակայվելու են 2015 թվականին: Սակայն սիրիական զարգացումները կարող են արագացնել այդ գործընթացը, ինչի հետևանքով ԶՀՀ-ների մի մասը կարող է վաղաժամ տեղակայվել Թուրքիայի սահմանամերձ գոտիներում»:






































