Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլում տեղական ժամանակով ժամը 09.30-ին մեկնարկում է 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի գործով դատական գործընթացը: Դատական նիստերն անցկացվելու են նոյեմբերի 6-ին, 7-ին և 9-ին:
Հիշեցնենք, որ այդ օրն իսրայելցի հատուկջոկատայինները Գազա ուղևորվող «Ազատության նավատորմի» կազմում գտնվող թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանել էին Թուրքիայի 9 քաղաքացիների և վիրավորել ավելի քան 50-ին: Դատական գործընթացին ներկա են գտնվելու աշխարհի 37 երկրների շուրջ 490 ներկայացուցիչներ, այդ թվում` «Ազատության նավատորմի» ուղևորները, զոհվածների հարազատները, փաստաբաններ:
Հեռակա ամբաստանյալների կարգավիճակում են լինելու «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ Իսրայելի գլխավոր շտաբի պետ Գաբի Աշքենազին, Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար Էլիեզեր Ալֆրեդ Մարոնը, Իսրայելի ռազմաօդային ուժերի հետախուզության պատասխանատու Ավիշայ Լևին և Իսրայելի հետախուզության նախարար Ամոս Յադինը:
Հիշեցնենք, որ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսրայելին անվանել էր «ծովահեն», իսկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այդ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:







































