Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Երևանի որոշ բուժհաստատություններում, այդ թվում նաև 3-րդ կլինիկական հիվանդանոցում, վիրահատությունների գները բարձրացել են: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմեց նշված հիվանդանոց, որտեղից հերթապահ բուժքույրը հաստատեց այն`ասելով. «Այո, նոյեմբերի 1-ից գնային փոփոխություններ կան: Որոշ վիրահատությունների գները բարձրացել են: Հիվանդանոցի պատին փակցված է գնացուցակը, և դրանք որոշում է ՀՀ առողջապահության նախարարությունը»:
Իսկ ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը պարզաբանեց. «Պլաստիկ վիրահատությունների գները ՀՀ ԱՆ-ն չի սահմանում, դրանք սահմանվում են բուժհաստատությունների կողմից: Լավագույն դեպքում նախարարությունը հաշվում է որևէ վիրահատության ինքնարժեք, և դրա շուրջ նախարարի հրամանով սահմանվում է ներքին, ստորին և վերին շեմ, այսինքն դրանից ցածր չենք կարող դնել, որպեսզի ապահովվի որակը, և բարձր չենք կարող` հաշվի առնելով ժողովրդի տնտեսական վիճակը»: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են վիրահատությունների գները բարձրացել:








































