Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, կայացավ սփյուռքահայ Նարեկ Հարթունյանի և նրա երկու աշխատակիցների գործով դատական հերթական նիստը: Այս մասին տեղեկացրեց Նարեկ Հարթունյանի գործով փաստաբան Անի Թորոսյանը:
Նրա խոսքով` այս դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով մեկ վկա` «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզիս» ՍՊԸ աշխատակից Արման Դավթյանը: «Նա իր ցուցմունքում հայտնեց, որ առանց հաշիվ-ապրանքագրի ապրանք չի իրացրել «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզիս» ՍՊԸ-ում: Նաև նշեց, որ հաշիվ-ապրանքագրերն առկա են եղել, սակայն շատ զարմացավ, որ իր տված նախկին ցուցմունքներում այդ մասին չկա»,- ներկայացրեց Անի Թորոսյանը:
Փաստաբանը հայտնեց, որ դատարանը հրապարակեց գործով ավելի վաղ հարցաքննված 7 վկաների ցուցմունքները, այնուհետև ասաց՝ դատարանը միջոցներ է ձեռնարկելու հետագայում վկաների ներկայությունը դատարանում ապահովելու համար: Անի Թորոսյանի պարզաբանմամբ՝ հակառակ դեպքում իրենք՝ փաստաբանները, զրկվում են իրենց հարցերն ուղղելու իրավունքից:
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 16-ին, ժամը 14.00-ին:
Փաստաբան Անի Թորոսյանի կարծիքով՝ Հարթունյանի գործով դատական նիստերը լավ են ընթանում: «Որևէ վկայի ցուցմունքով չի հաստատվում այն մեղադրանքը, որն առաջադրված է Նարեկ Հարթունյանի դեմ, ինչը դրական է»,- նկատեց Անի Թորոսյանը:
Հիշեցնենք, որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզիս» ՍՊԸ տնօրեն, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին և Անի Մնացականյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի երկու տարբեր մասերով` 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ` առանձնապես խոշոր չափերով հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելը, և 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որով կատարվել է խոշոր չափերով «փողերի լվացում»:










































