Վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին երկրից փախել է 23 միլիոն դոլար կանխիկ գումարով: Թերթն այս պլանում վկայակոչում է Ադեիշվիլիի շրջապատում ունեցած իր գաղտնի աղբյուրին:
Թերթը գրում է, որ այդ գումարն ընդհանուր առմամբ պատկանում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմին, և այժմ նախագահի թիմի շատ անդամներ վիրավորված են Ադեիշվիլիից և դարձել են նրա թշնամին:
Նշվում է, որ երկրից այդչափ գումար դուրս բերելու համար Ադեիշվիլին, ամենայն հավանականությամբ, օգտվել է իր ծառայողական դիրքից: Բացի այդ, նա կարող է ունենալ մի քանի անձնագիր, ինչի համար էլ բարդ կլինի նրան հայտնաբերելը: Տարբեր տվյալներով՝ հոկտեմբերի սկզբին Ադեիշվիլիին տեսել են Գերմանիայում կամ Ավստրիայում:







































