Կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի հռչակմամբ «ոգևորված» է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Հայաստանում կոռուպցիայի բարձր ցուցանիշի շուրջ: Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հռչակումը ծաղր է ժողովրդի նկատմամբ, քաղաքացու և քաղաքական ուժերի նկատմամբ: Նա հիշեցրեց, որ տասը տարի առաջ Հայաստանը կոռուպցիայի իր ցուցանիշով աշխարհում 75-րդ տեղում էր: Սակայն, նրա համոզմամբ, իշխանության համառ ջանքերի շնորհիվ 50 կետով ՀՀ-ում կոռուպցիան աճել է: «Կոռուպցիան ամեն տեղ է, բոլոր համակարգերում: Փորձում են խաբել եվրոպացիաներին, թե Հայաստանում այդպիսի գործընթաց կա: Ոչ մեկը չի հավատում»,- հստակեցրեց Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով քաղաքական զարգացումներին՝ նա ասաց, որ քաղաքական զարգացումները կլինեն անկանխատեսելի և անսպասելի: Բանախոսը չբացառեց, որ կարող են լինել հաշվարկներով չգնացող պրոցեսներ:
«Ես կարծում եմ, որ առաջիկա քաղաքական զարգացումները ոչ թե կուսակցությունների ցանկություններից են կախված լինելու, այլ խնդրի դրվածքից՝ թե ինչ են ուզում ՀՀ հասարակությունը և կուսակցությունները: Հայաստանը գտնվում է տագնապային վիճակում: Արտագաղթի այն թվերը, որոնք դուք իմանում եք, կազմում են ՀՀ սահմանները հատող մարդկանց 43%-ը: Հայաստանի սահմանը հատում են ցամաքային ճանապարհով ավելի շատ, քան ինքնաթիռով:
Կարծում եմ՝ ՀՀ քաղաքական ուժերը պետք մի կողմ դնեն ամբիցիաները, սեփական ցանկությունները և փորձեն լեզու գտնել, փորձեն աշխատել մեկ դաշտում, որպեսզի մեղմացվի այս լուրջ մարտահրավերը: Եթե քաղաքական ուժերը և քաղաքական արշավն այս ուղով չգնա կոնսոլիդացնող գաղափարներով, հեռանկարները կլինեն ավելի վատ: Բոլոր մտահոգ քաղաքական ուժերը պետք է սա հասկանան և ընդհանուր հայտարարի գան: Բոլորի հետ ՀԱԿ-ը պատրաստ է աշխատելու: Դատարկված Հայաստանում պրեզիդենտ, պառլամենտարիզմ ո՞ւմ է պետք: Այս իշխանությունն այդ առումով ձախողված է: Այս, ինչ որ արվում է, բլեֆ է»,- տեսակետ հայտնեց Արամ Մանուկյանը՝ շարունակելով, որ խորքում Հայաստանը նպաստում է արտագաղթին:
Հստակեցնելով իր խոսքը՝ նկատեց, որ բոլոր քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի կարիքը կա՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀԱԿ- «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ: Նրա համոզմամբ՝ միայն այդպես կարող է այդ խնդիրը լուծվել:









































