No Doubt ամերիկյան ռոք խումբը ստիպված է եղել իր պաշտոնական կայքից ջնջել Looking Hot երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը կոշտ քննադատության էր արժանացել ԱՄՆ հնդկացիական համայնքի ներկայացուցիչների կողմից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Տեսահոլովակում խմբի վոկալիստ Գվեն Ստեֆանին ներկայանում է հնդկացիական արքայադստեր կերպարով, որին առևանգել են կովբոյները: Սյուժեն ծավալվում է նրա ազատագրության ֆոնի վրա. արքայադստերն ազատում է խմբի բաս-կիթառահարը, որը հանդես է գալիս հնդկացիական առաջնորդի կերպարում:
Տեսահոլովակի շնորհանդեսը պաշտոնապես կայացել էր նոյեմբերի 2-ին և անմիջապես քննադատության ենթարկվել սոցցանցերում՝ հնդկացիական թեմատիկայի ազատ օգտագործման համար:
Բացի պաշտոնական կայքից՝ տեսահոլովակը հեռացվել է YouTube-ում No Doubt-ի ալիքից:
No Doubt-ը նաև հայտարարություն է հրապարակել, որում ներողություն է խնդրել՝ ընդգծելով, որ «չի ցանկացել վիրավորել, նեղացնել կամ վատ լույսի ներքո ներկայացնել Ամերիկայի բնիկներին, նրանց մշակույթը կամ պատմությունը»:
Խումբն ընդգծել է, որ տեսահոլովակը հեռացնելու որոշումը կայացվել է երկրի հնդկացիական համայնքի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո:









































