Ռուսաստանը հույս ունի, որ Դոհայում սիրիական ընդդիմության հանդիպումը կնպաստի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շուրջ համախմբվելուն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք կցանկանայինք հույս ունենալ, որ Դոհայում հանդիպումը կնպաստի, որ ընդդիմությունը համախմբվի և ընդունի, որ այդ ճգնաժամի լուծման համար ռազմական ճանապարհ չկա, որ լուծումը պետք է միայն քաղաքական լինի, և դրան սիրիացիները պետք է հասնեն բանակցությունների ճանապարհով»,- Կահիրեում կիրակի օրը լրագրողներին ասել է Մ. Բոգդանովը:
Բոգդանովը նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Սիրիայում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման պայմանները` համաձայնեցնելով այն սիրիական կառավարության հետ և հիմնվելով ՄԱԿ ԱԽ–ի բանաձևի վրա։
Նա նաև նշել է, որ Սիրիայում փուլ առ փուլ կրակը դադարեցնելու նախաձեռնությունը համապատասխանում է Ռուսաստանի` ձեռնարկվող քայլերի մասին պատկերացումներին, որոնք անհրաժեշտ են Ժնևի շրջաբերականն իրականացնելու համար:
ՌԴ փոխնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել սիրիական ճգնաժամը ՌԴ, Թուրքիա, Իրան եռակողմ ձևաչափով լուծելու Անկարայի առաջարկած տարբերակին. «Մենք ողջունում ենք աշխատանքի յուրաքանչյուր ձևաչափ և պատրաստ ենք մասնակցել քննարկումներին. մեր կարծիքով՝ ցանկացած ձևաչափ ողջունելի է»։









































