Կրասնոդարի «Կուբան»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ամկար» – «Կուբան» խաղից հետո խոսել է հանդիպման մասին: Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց հյուրերի՝ 0:3 հաշվով հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձան Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Մարկոս Պիզելին:
«Մենք շատ լավ էինք ուսումնասիրել հակառակորդին ու լուրջ վերլուծություններ արել: Այս ամբողջ աշխատանքն արել է մարզչական անձնակազմը: Ցուցանիշն ապացուցում է, որ մենք ճիշտ ենք կատարել հանձնարարությունը:
Այոˊ, մեզ չհաջողվեց գոլ խփել առաջին կեսին, սակայն պահեր ունեինք: Երկրորդ կեսին շատ ավելի ուշադիր էինք գործում, ու մեզ հաջողվեց հաղթել: Ինձ ու Պիզելիին հաջողվեց ձևակերպել խաղի վերջնական հաշիվը:
Յուրաքանչյուր խաղի մոտենում ենք դրական արդյունքի հասնելու միտումով: Այս խաղը ևս բացառություն չէ: Սակայն այսօր մեզ ոչ միայն հաջողվեց հաղթել, այլև հաղթել՝ ցուցադրելով առավել կարևոր ու խոստումնալից խաղ: Մեր թիմում մեծանում է թեˊ ամրությունը, թեˊ վստահությունը»,- թիմի պաշտոնական կայքը փոխանցում է Օզբիլիսի խոսքերը:








































